Սիսի կաթողիկոսարանի համար պայքարը կշարունակվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը երկուշաբթի հայտարարել է, որ այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Կիլիկիայի կաթողիկոսությունը Սիսի կաթողիկոսարանի վերադարձի հարցով դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

«Վաղը՝ դեկտեմբերի 6-ին, կարևոր օր է լինելու ընդհանուր առմամբ բոլոր հայերի և, մասնավորապես, հայ եկեղեցու համար»,- ասել է Արամ Ա-ն Անթիլիասից ուղիղ հեռարձակվող իր ուղերձում։

Նա նշել է, որ որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել էր Կիլիկիայի կաթողիկոսության դիմումը։

«Սա առաջին իրավական քայլն է Թուրքիայի դեմ 1915թ․ Հայոց ցեղասպանությունից հետո։ Այս քայլը երկարատև և լուրջ մտորումների, խորհրդակցությունների և ուսումնասիրության արդյունք է՝ հիմնված միջազգային իրավունքի դրույթների վրա, այդ թվում՝ Լոզանի համաժողովի որոշումների վրա, որը վերաբերում էր Թուրքիայի Հանրապետության սահմաններում ապրող փոքրամասնություններին»,- ուղերձում ասել է կաթողիկոսը։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը Սիսի կաթողիկոսարանի վերադարձի հարցով Թուրքիայի դեմ իրավական պահանջ ներկայացնելու մասին առաջին անգամ հայտարարել էր 2014թ․ սեպտեմբերին։

2015թ․ ապրիլի 28-ին դատական հայց էր ներկայացվել Թուրքիայի Սահմանադրական դատարան` պահանջելով Սիսի պատմական կաթողիկոսարանի վերադարձը։

Մեկնաբանել