Տնտեսությունից, կառավարումից մինչև փողկապի գույն․ վարչապետի ուշագրավ մտքերը խմբագիրների հետ հանդիպմանը

Վարչապետ Կարեն Կարապետյանը դեկտեմբերի 5-ին հանդիպել էր լրատվամիջոցների խմբագիրների հետ։ Նա պատասխանեց ներկաների բազմապիսի հարցերի՝ տնտեսությունից, կառավարումից մինչև իր փողկապների ընտրություն։ ՍիվիլՆեթը ներկա էր հանդիպմանը և առանձնացրել է վարչապետի հիմնական մտքերը։

Ո՞ր գերատեսչություններից է առաջնահերթ ակնկալում բեկումնային զարգացում

Կառավարության ծրագրի մասին մենք ասել ենք հետևյալը, որ երկու փուլից է բաղկացած լինելու: Առաջին փուլը մենք ներկայացրել ենք կառավարության ծրագրով, որը ներկայացրել ենք Ազգային Ժողով: Երկրորդ փուլը երկարաժամկետ ծրագիր է, թե ինչպես ենք մենք պատկերացնում և ուր պետք է գնա մեր երկիրը։ Հայտարարել ենք, որ ստեղծելու ենք ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որը վերջնական փուլում է: Լինելու է մասնավոր հատված -պետություն համագործակցության շրջանակներում, որի մեջ ընդգրկելու ենք մեր հայտնի հայրենակիցներին սփյուռքում՝ որոշակի կենսագրություն, պոտենցիալ ունեցող: Կարծում եմ, որ շատ հետաքրքիր հարթակ ենք ստեղծելու, որտեղ պրոֆեսիոնալ մակարդակով քննարկելու ենք, թե ուր ենք գնալու:

Մենք գյուղատնտեսության մեջ բավականին անելիքներ ունենք և այնտեղ փորձելու ենք մաքսիմալ հաշվի առնենք այն երկրների փորձը, որոնք խելոք գյուղատնտեսություն են վարում: Հետաքրքիր է մեր հանքային, էներգետիկայի, տուրիզմի, ոսկերչության և այդպիսի ուղղությունները, բայց դա չի նշանակում, որ այլ ուղղություններով՝ փոքր-միջին բիզնես, նորարարական ծրագրերով չենք զբաղվելու:

2018-ին որպես վարչապետ պաշտոնավարելու մասին

– Նախագահը հայտարարեց, որ դուք ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում [2017-ին] կշարունակեք պաշտոնավարել։ Իսկ նախագահի պաշտոնավարման ժամկետից հետո պատրա՞ստ եք վարչապետի պաշտոնը զիջել Սերժ Սարգսյանին՝ հաշվի առնելով, որ նա չի բացառել, որ կարող է որպես վարչապետ պաշտոնավարել։

– Ես կարծում եմ՝ այդ հարցին պատասխանել եմ։ Համենայն դեպս՝ իմ պատկերացմամբ, եթե ես ասեի երեք-չորս տարի, հինգ տարի անընդմեջ ես պաշտոնավարելու եմ, դուք անմիջապես, քանի որ շատ կարող ուժեր եք և հնարավորություն ունեք մեկնաբանելու, թույլ կետը գտնելու պատասխանի, կասեք՝ իսկ եթե դուք էֆեկտիվ չլինեք, եթե դուք լավ չկառավարեք, վտանգ կա, չէ՞, որ դուք կդառնաք չարիք։ Այդ իսկ պատճառով հարցիս պատասխանը հետևյալն է՝ չեմ եկել վեց ամիս աշխատելու, բայց միևնույն ժամանակ, եթե մենք արդյունք ցույց տանք, եթե հանրությունը, մեր ժողովուրդը, մեր քաղաքացին, գյուղացին, բանվորը, բիզնեսմենը, գիտնականը հասկանան, զգան, որ յուրաքանչյուր օր մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում, որ մենք ինչ-որ ձևի ցույց ենք տալիս այն հորիզոնները, որոնք հրապուրիչ են, որոնք բավարար են հասկանալու համար, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում, մենք կփորձենք աշխատել երկարատև։

– Նախագահի հետ նման հարց քննարկե՞լ եք։

– Ո՛չ, նման հարց քննարկելը մոտավորապես նույնն է, որ ես հայտարարեմ՝ գիտեք ինչ՝ ես երեք-չորս տարուց պակաս պատրաստ չեմ աշխատելու։ Որոշակի ներքին ցենզ պետք է ունենաս, որ ասես՝ իսկ ես քանի՞ տարի եմ վարչապետ աշխատելու, մի հատ ինձ երաշխավորեք։ Կարծում եմ՝ կոռեկտ չէ նման քննարկումը։

Լրագրողների մի շարք հարցերից հետո կրկին հնչեց հարցը՝ արդյոք Կարեն Կարապետյանն իրեն տեսնում է վարչապետի պաշտոնում 2018-ից հետո, երբ ավարտվի Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետը։

– Եթե մեր կառավարությունը, մեր թիմը էֆեկտիվ աշխատի, և եթե պահանջված լինի, վարչապետ եմ տեսնում։ Դա՞ էիք ուզում լսել։

ՀՀԿ-ին անդամակցելու մասին

Դրվել են խաղի կանոններ, ըստ որի մենք պետք է աշխատենք: Այդ խաղի կանոնները խախտողները պետք է համապատասխան վերաբերմունք ունենան, անկախ նրանից, թե ինչ քաղաքական պատկանելություն ունեն․․․ Իմ թիմակիցներից մարդիկ են անդամագրվել Հանրապետականին, որոնք երբևիցե չեն մտածել կուսակցական կյանքով ապրել, որովհետև այսօրվա իրողությունը, մարտահրավերը և այն բեռը, որը մեզ վրա դրված է, պահանջում է քաղաքական հենարան։

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին

Ցավոք, մենք շատ ապրանք, արտադրանք չունենք, որոնք Եվրոպայում մրցունակ են, ընկալելի են, ընդունելի են: Մտնելով այդ ակումբը [ԵՏՄ]՝ մենք հնարավորություն ունենք 200 միլիոնանոց շուկայում աշխատել: Էֆեկտիվ կաշխատենք, լավ կլինի, ոչ էֆեկտիվ՝ լավ չի լինի: Եթե լավ չի լինի, դա չի նշանակում, որ բուն մտնելու փաստն էր վատը, դա նշանակում է, որ մենք էֆեկտիվ չենք:

Երկրորդը, մենք մերժո՞ւմ ենք բոլոր մնացած հարթակները աշխարհում․ իմ կարծիքով ՝ ոչ: ԵՏՄ անդամ լինելով՝ մեր ձեռքը մեկը բռնե՞լ է Եվրամիություն գնալու, փորձելու բիզնես անելու․ իհարկե՝ ոչ: Ավելին ասեմ՝ ԵՏՄ-ի անդամ լինելով՝ Հայաստանը եզակի շանս ունի: Բոլոր հինգ անդամ երկրները գիտեք, Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումները՝ գիտեք: Եվրոպայում բիզնեսներ կան, որ այդքան էլ գոհ չեն այդ սանկցիաներից, ու իրենք ուզում են այդ շուկայի մեջ մնալ: Լավագույն հարթակը, եթե մենք այդ ազդակները տանք, համապատասխան միջավայրը ներդրումների համար ստեղծենք, որպեսզի Հայաստանով մտնեն ԵՏՄ երկրների մեջ, իմ պատկերացմամբ՝ Հայաստանն ունի:

Աչքը կշտանալու և կադրերի ընտրության մասին

․․․ աչքը կշտանալու կամ կոշտ հոգեբանության հատկությունը փողի քանակից և դրամապանակի հաստությունից չէ: Ես գիտեմ բազմաթիվ մարդիկ, եթե կարելի է այս բառն օգտագործել` կուշտ են: Թիմն ընտրելիս, ես ընտրել եմ այն մարդկանց, որոնց բարոյական կերպարի վրա համոզված եմ և վստահ եմ, որ պաշտոնը չեն օգտագործի անձնական հարստացման և բիզնեսի լոբինգ անելու համար: Եթե այդպես չլինի, ես առաջինը դրա դեմը կառնեմ:

Իրականում մենք ռեֆորմ անելու ժամանակ խնդիր ենք ունենալու՝ ոնց ենք պետական համակարգի վարձավճարները փոխելու, որպեսզի կարողանանք մոտիվացնենք, նոր մասնակիցների ներգրավենք, որպեսզի իրենց համար հետաքրքիր լինի, որովհետև այսօր լավագույն տեղը չէ դա: Իհարկե ես ընտրել եմ այն մարդկանց, որոնց հետ ճանապարհ եմ անցել: Թիմ ընտրելու ժամանակ ես բազմաթիվ խնդիրներ եմ ունեցել, կան մարդիկ, որոնց ես որոշակի ավանսով եմ նշանակել, որովհետև այդ պահին ավելի լավ թեկնածու չեմ ունեցել: Ցավոք սրտի, պետք է նշեմ, որ մեր կադրերի պահուստային հարթակն այդքան էլ մեծ չէ: Եթե դուք ունեք լավ կադրեր, որոնք կարող են որոշակի ոլորտներ կառավարել, ես շնորհակալ կլինեմ, եթե ինձ խորհուրդ տաք, սիրով կքննարկեմ դա:

Նախընտրական փուլը խանգարում է տնտեսությանը

Նախընտրական այս փուլը խանգարում է տնտեսության ակտիվացմանը: Նույնիսկ կամայական մարդը տան համար գույքը գնելիս հետաձգում է, որ ապրիլի 2-ից հետո գնի․ բիզնեսմենները՝ նույն կերպ: Եթե մենք ռեալ կարողանանք արդար միջավայր ստեղծել, և բիզնեսմենը հասկանա, որ իր համար անսպասելի զարգացումներ, խոչընդոտներ չի ունենա, գումար դնելու նրա համարձակությունը բավական աշխուժանում է:

Օֆշորներից եկող ներդրումների մասին

Օֆշորային ընկերություններին ես վերաբերվում եմ շատ ռացիոնալ, եթե նույնիսկ ժամանակին փողը գնացել է, ինչ-որ տարբերակով կարողանանք Հայաստան բերել, լավ արդյունք է: Եթե օֆշորը ներդրում է անում, և այստեղ սուբյեկտ է ստեղծում, որը ենթարկվում է այստեղի օրենքներին, ինքը հարկերից չի կարող խուսափել:

Համահայկական բանկի մասին

Մենք քննարկել ենք Համահակյակական բանկի հիմքի վրա ստեղծել [ներդրումային] ֆոնդ, բայց այս պահին Կենտրոնական բանկը ծրագիր ունի` Համահայկական բանկին նոր կյանք, նոր շունչ տալու:

Փոքր և միջին ձեռներեցության մասին

Մենք ունենք մասնագիտացված կառույցներ, որտեղ փոքր և միջին ձեռնարկությունների մասին անհանգստանում են: Իրականում փոքր և միջին բեիզնեսը չափազանց կարևոր հարթակ է մեզ համար: Մարզերում, երբ հանդիպում ենք, փորձում ենք հետադարձ կապը ստեղծել այնպես, երբ մարդը ինչ-որ նախաձեռնություն ունի, փոքր գումար ունի, մենք անպայման օգնենք նրան: Թե ինչպես՝ ժամանակը և ֆինանսը ցույց կտան: Հարկային մասով ասեմ, որ անհատ ձեռներեցներին մենք արդեն հարկերից ազատել ենք:

Վերին Լարսի մասին

Վերին Լարսի ճանապարհը կարևոր է Հայաստանի համար, բայց նպատակահարմար չէ, որ հայկական կողմը այն վերանորոգի։ Այդ ուղղությամբ աշխատում են հարևան երկրի գործընկերների հետ, որ նրանք վերանորոգեն, որովհետև նրանց համար ևս այդ ճանապարհը շատ կարևոր է։ «Պատկերացնո՞ւմ եք՝ բոլոր երկրներին գնանք, առաջարկենք փող ծախսել։ Հլա մի հատ մեզ յոլա տանենք: Բանակցում ենք, որպեսզի փորձենք այլ տարբերակներ գտել»։

Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին

Վարչապետն ասաց, որ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձի հարցը նրա անձնական գործն է։ Դահլիճից ռեպլիկ հնչեց, որ այդպես չէր երկու տարի առաջ, երբ նրան հեռացրին քաղաքականությունից։ «Ծառուկյանին վերաբերվում եմ շատ հանգիստ: Անձնական հանդիպումներ ունեմ Գագիկ Ծառուկյանի հետ, բայց այդ հարցը չեմ քննարկում»:

Իր փողկապներն ընտրելու մասին

– Փողկապների հարցում բծախնդի՞ր եք։

– Ոչ, բծախնդիր չեմ։ Շատ հեշտ ստացվում է ինձ մոտ։

– Ձեր իմիջով հատուկ խո՞ւմբ է զբաղվում՝ բարձրաճաշակ փողապներ և այլն։

– Դուք ո՞ւմ վրա եք կասկածում։

Մեկնաբանել