Իրան-Հայաստան համապարփակ համաձայնագրով ՀՀ-ում ազատ առևտրի գոտի կստեղծվի. իրանցի նախարար

Դեկտեմբերի 5-ին Թեհրանում ստորագրվել է Իրանի և Հայաստանի միջև համագործակցության համապարփակ համաձայնագիր, հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչյանին։

Երկուշաբթի օրը Թեհրանում Իրան-Հայաստան համատեղ տնտեսական հանձնաժողովի 14-րդ նիստի ավարտին իրանցի նախարարը լրագրողներին ասել է, որ փաստաթուղթը նախատեսում է համագործակցություն էներգետիկայի, էլեկտրականության փոխանակման, բնական գազի, Արաքս գետի բնապահպանական հարցերի, բանկային և ապահովագրության, առևտրի և տնտեսության ոլորտներում։

Իրանցի պաշտոնյան հայտարարել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ Հայաստան այցի նախաշեմին ստորագրված համաձայնագրով Իրանը Հայաստանի տարածքում ազատ առևտրի գոտի կստեղծի։

Թեհրանում անցած նիստին մասնակցել է հայաստանյան պատվիրակությունը՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ։

Մեղրիում ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը երեկ քննարկվել է Իրանի արդյունաբերության, հանքավայրերի և առևտրի նախարար Մոհամմադ Ռեզա Նեմաթզադեի և Աշոտ Մանուկյանի հանդիպմանը։

IRNA գործակալությունը մեջբերում է Նեմաթզադեին, որի խոսքով՝ Իրանը ազատ առևտրի գոտիների ստեղծման մեծ փորձ ունի և պատրաստ է այն կիսել Հայաստանի հետ։

«Իրանն ու Հայաստանը տնտեսական և արդյունաբերական հարաբերություններն ընդլայնելու ներուժ ունեն»,- հայտարարել է Նեմաթզադեն՝ հավելելով, որ երկու երկրների մասնավոր հատվածները շահագրգռված են երկկողմ առևտրի և տնտեսական կապերի խթանմամբ։

Իրանը նաև պատրաստ է Եվրասիական տնտեսական միության հետ արտոնյալ սակագների վերաբերյալ համաձայնագիր կնքել և հաշվի առնելով այդ Միությանը Հայաստանի անդամակցության փաստը՝ ակնկալում է վերջինիս աջակցությունը։

Իրանցի նախարարը շեշտել է, որ Հայաստանն ու Իրանն ունեն ամուր քաղաքական կապեր, որոնք հիմնված են բարիդրացիական հարաբերությունների վրա։ Նրա համոզմամբ՝ տնտեսական և առևտրային կապերը պետք է հասցվեն քաղաքական բարեկամական հարաբերությունների մակարդակին։

Այս համատեքստում Նեմաթզադեն կարևորել է մաքսային արգելքների վերացումը։

Մեկնաբանել