Կեղծված Սահմանադրության տարի

2015 թվականի դեկտեմբերի 6-ի կեղծված Սահմանադրության պարտադրումից մեկ տարի է անցել:

Դա, մեծ հաշվով, մեկ մարդու՝ Սերժ Սարգսյանի, և մեկ կուսակցության՝ ՀՀԿ-ի հաղթանակն էր, որ պարտադրվեց Հայաստանին և նրա քաղաքացիներին:

Պաշտոնական արդյունքներով՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների կեսից փոքր ավելին: Շուրջ 63 տոկոսը «այո» ասաց, 33 տոկոսը՝ «ոչ»:

Ընտրակեղծիքների ծավալը պայթեցրեց 2008-ից հետո փչված «կեղծ ժողովրդավարության փուչիկը»: Լեգիտիմության լրջագույն պակաս ունեցող իշխանությունը դիմեց կոշտ ընտրակեղծիքների՝ ընտրակեղծարարների խմբավորումների կատարմամբ և իրավապահ համակարգի լռելյայն համաձայնությամբ:

Հետագա ամիսներին արագացված կարգով «պատժվեցին» մի քանի ընտրակեղծարարներ:

Նոր Սահմանադրությունը ամբողջովին ուժի մեջ կմտնի 2018-ից, երբ կավարտվի Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ հնգամյակը, և Հայաստանը կդառնա խորհրդարանական հանրապետություն:

Գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ օդում կախված. Սերժ Սարգսյանը փոխեց Սահմանադրությունը, որպեսզի շարունակի՞ մնալ իշխանության:

«Ոչ»-ի կողմնակիցներին մեկ տարի առաջ հաջողվեց հանրության լայն զանգվածներին հասցնել, որ սահմանադրական կարգի փոփոխությունը միտված է Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությանը:

Հանրաքվեից մի քանի օր առաջ իշխանությունների բարձրագույն ներկայացուցիչները սկսեցին «սպառնալ», որ եթե «ոչ»-ը հաղթի, ապա Սարգսյանը կշարունակի մնալ իշխանության ղեկին՝ նախագահական վերջին ժամկետի ավարտից հետո: Սերժ Սարգսյանի՝ 2015-ի դեկտեմբերի 3-ին հրապարակված ծավալուն հարցազրույցը, երբ նա չբացառեց, որ նոր Սահմանադրության ընդունման դեպքում ինքը շարունակելու է մնալ իշխանության վերևում, ավելի ամրապնդեց «ոչ»-ի դիրքերը: Շաբաթներ առաջ «Ալ Ջազիրայի» հետ զրույցում Սարգսյանը հերթական անգամ չբացառեց, որ կարող է մնալ վարչապետի պաշտոնում:

Նրա թիմակիցները հայտարարում են, որ Սարգսյանը դեռ երկար տարիներ մնալու է ՀՀԿ-ի ղեկին: Փոփոխություններ ակնկալող քաղաքացիների համար դա հնչում է որպես սպառնալիք ու անեծք:

Հանրաքվեին հաջորդած մեկ տարին Սերժ Սարգսյանի համար ամենաճգնաժամայինն էր Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից և Մարտի 1-ի ոճրագործությունից հետո:

Ապրիլյան պատերազմը, որ, անկասկած, որևէ կապ չուներ Սահմանադրության հետ, այդուհանդերձ, քարուքանդ արեց իշխանությունների կողմից տարիներ ի վեր հյուսված բազմաթիվ միֆեր: Հայաստանը և Արցախը 1994-ի մայիսյան զինադադարից հետո տվեցին ամենաշատ զոհեր և կորցրեցին տարածքներ Լելե Թեփեի և Թալիշի բարձունքներում:

Հայաստանն ու Սերժ Սարգսյանը մեկ այլ պարտություն կրեցին Սարի թաղի բարձունքներում, երբ բիրտ ուժ կիրառվեց ի պաշտպանություն «Սասնա ծռեր» զինված խմբավորման փողոց դուրս եկած քաղաքացիների և հատկապես լրագրողների նկատմամբ:

«Սասնա ծռեր»-ի ըմբոստությունը անուղղակի կապ ուներ Սահմանադրական փոփոխությունների հետ: Ինչպես ծռերը, այնպես էլ հասարակության լայն զանգվածներ համոզված են, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն մնալու են իշխանության այնքան, որքան հնարավոր լինի, և միակ ելքը մնում է այս վարչակարգը զենքի ուժով տապալելը:

Չնայած ռազմահայրենասիրական հռետորաբանությանը՝ Ապրիլյան պատերազմն ու «Սասնա ծռեր»-ի ըմբոստությունը սառը ցնցուղ էր իշխանության ղեկին գտնվողների համար:

Սարգսյանը վարչապետի փոփոխությամբ և ՀՀԿ-ին նոր իմիջ տալով փորձում է որոշակի վստահություն ձեռք բերել 2017-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախօրեին:

Սակայն իշխանությունների նկատմամբ հանրային անվստահությունը այն աստիճան ցածր մակարդակի վրա, որ իշխանության գրեթե յուրաքանչյուր նախաձեռնություն դատապարտված է մերժման քաղաքացիների գերակշիռ մեծամասնության կողմից:

Այդպիսի ընդդիմության արժանացավ 1000 դրամի նախաձեռնությունը:

Ուշագրավ է, որ եթե վարչապետը բացահայտ կերպով խոսովանում է տնտեսության ծանր վիճակը, ապա Սերժ Սարգսյանը ՀՀԿ վերջին համագումարում խոսում էր անթիվ հաջողություններից:

Սերժ Սարգսյանը մոտենում է իր նախագահության վերջնագծին՝ այդպես էլ չկարողանալով երկրի սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշները հասցնել 2007-ի մակարդակին:

Ամենաանդառնալին Հայաստանի արտագաղթն է. ինը տարիների ընթացքում երկրից հեռացել և չի վերադարձել 335 հազար մարդ:

Բայց Սերժ Սարգսյանը սրա արդարացումն էլ ունի: 2013-ի ձմռանը, հերթական կեղծված ընտրությունների նախօրեին, սահմանային Մովսես գյուղում հայ ծերունու գանգատին տվեց ի՛ր պատասխանը՝ «Ես ե՞մ մեղավոր, որ քո որդին արտագաղթել է Ռուսաստան»:

Մեկնաբանել