ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը հիշատակել է Հայոց ցեղասպանությունը

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերը հիշատակել է Հայոց ցեղասպանությունը։

Associated Press գործակալությունն այս լուրն սկսում է հարցականով՝ «Օբամայի վարչակազմը լռելյայն ճանաչե՞լ է Առաջին աշխարհամարտին հայերի ջարդերը»։

Անցյալ շաբաթ Նյու Յորքում Նոբելյան մրցանակակիր, Հոլոքոստը վերապրած Էլի Վիզելին նվիրված միջոցառմանը Սամանթա Փաուերը խոսել է մինչև այսօր շարունակվող անարդարությունների մասին, որոնց թվում հիշատակել է «Հայերի ցեղասպանության ժխտումը»։

Associated Press-ը հիշեցնում է, որ «ցեղասպանություն» եզրույթը երկար ժամանակ թաբու է եղել ամերիկացի պաշտոնյաների համար, այդ թվում՝ Բարաք Օբամայի, որն այդ իրադարձությունները որակել է «զանգվածային ջարդեր և պատմական ողբերգություն»։

«Սակայն Օմաբայի դեսպանը ՄԱԿ-ում ավելի հեռուն գնաց»,- գրում է AP-ն և հիշեցնում, որ Սամանթա Փաուերը մինչև ՄԱԿ-ում դեսպան նշանակվելը Պուլիցերյան մրցանակի դափնեկիր լրագրող էր, որը լայնորեն լուսաբանում էր ցեղասպանության թեման։ Պաշտոնյաներն ասում են, որ նա լոբբինգ է արել, որպեսզի Օբաման ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

Փաուերի խոսնակը մեկնաբանել է, որ դեսպանն այդ խոսքերն ասել է Վիզելի կյանքը պատվելու համատեքստում և նպատակ ուներ ուրիշներին համոզելու «վեր կենալ, չկաշկանդվել ընդվզելու համակարգային անարդարությունների, զանգվածային ջարդերի և ցեղասպանության դեմ, որը վերապրել է Էլի Վիզելը»։ Ըստ խոսնակի՝ Փաուերի խոսքերը չեն նշանակում ԱՄՆ վարչակազմի քաղաքականության փոփոխություն։

Պետքարտուղարության խոսնակ Մարկ Տոները նույնպես հայտարարել է, որ ԱՄՆ քաղաքականությունն այդ հարցում չի փոխվել։ «Նախագահը և բարձրաստիճան մյուս պաշտոնյաները պարբերաբար սգացել են և ճանաչել պատմական փաստը, որ Օսմանյան կայսրության վերջին օրերին 1.5 միլիոն հայեր կոտորվել են կամ զոհվել աքսորի ճանապարհին, և հայտարարել են, որ փաստերի անկեղծ և արդար ճանաչումը բոլորի շահերից է բխում»,- ասել է Պետքարտուղարության խոսնակը։

Մեկնաբանել