Սփյուռքը հասկացել է իշխանություն փոխելու հայաստանցու անզորությունը

Հայտնի սփյուռքահայերը պատրաստ են Հայաստանի ընտրություններում դիտորդական մասնակցություն ունենալ: Մի շտապեք նրանց սխալ հասկանալ: Նրանց հայտն այն մասին է, որ իշխանություն փոխելու հայերի մշակութային անպտղությունն արդեն իրենց վրա էլ է տարածվում: Մեր՝ իշխանություն փոխել չկարողանալու «մեղքն» արդեն աշխարհ է թնդացնում, հասկանու՞մ եք, էդ իմաստով մենք դառնում ենք համաշխարհային ազգ:

Ինձ հայտնի սփյուռքահայերի դիտորդ լինելու հայտի քաղաքական էֆեկտն այս պահին քիչ է հետաքրքրում: Այսինքն, թե հատկապես որ քաղաքական ուժը կարող է շահել նրանց դիտորդությունից: Դիցուք, Արսինե Խանջյանը լավ ազդակներ է տեսնում Կարեն Կարապետյանի հայտարարություններում: Ես այդ ազդակները չեմ տեսնում: Դրանք չկան նույնիսկ Կարեն Կարապետյանի հոգու խորքում: Որովհետև ես տեսնում եմ, որ նա չի եկել ինչ-որ բան փոխի: Փոխողը չի գա և խոսի ավերակների հեռանկարից, ոչ թե մարդուց: Փոխողը չի գա և ասի, որ Հայաստանի տնտեսությունն աղետալի վիճակում է և անմիջապես անդամագրվի այն կուսակցությանը, որը մեր տնտեսությունը հասցրել է աղետալի վիճակի:

Փոխողը չէր գա և անդամագրվի նոմենկլատուրային: Կարճ ասած՝ փոխողը կամ պետք է որևէ «կուսակցության» չանդամագրվեր, կամ պետք է ստեղծեր իրենը: Փոխարենն ասում է՝ ինձ հրավիրել են: Փոխողը պետք է ունենար միայն մեկ կարգախոս՝ լեգիտիմ իշխանություն: Ինքը պիտի հենարան ունենար ժողովրդին, որի շնորհած լեգիտիմությունը կտրում է ցանկացած զրկանք: Հայաստանի ժողովուրդը, նրան պետք է հայտնի լինի, գազի խողովակ կամ հաշվիչ չէ: Նույնիսկ նրան է հայտնի, որ լեգիտիմությունը կամ Աստծուց է, եթե նա կա, կամ ժողովրդից, քանի դեռ կա: Այն, ինչ հասկանում են հայտնի սփյուռքահայերը: Այն, ինչ գիտեն նույնիսկ Հյուսիսային Կորեայում, բայց էդ օրին են, որովհետև միայն գիտեն:

Հայաստանի մարտահրավերները այլևս նրա քրեական հանցագործները չեն, Առաքել Մովսիսյանի հայհոյանքներն ու ըստ քրեաօլիգարխիայի քմահաճույքի բարձրացող կամ իջնող գները չեն: Հայաստանի մարտահրավերը Սերժ Սարգսյանն է: Մարտահրավերը նա է, բայց մեր խնդիրը մենք ենք: Եթե կա մի հայաստանցի, որը սա չգիտի, կամ չի ուզում իմանալ, չի հասկանում կամ չի ուզում հասկանալ, ինքը նույնպես մարտահրավեր է: Ըստ ամենայնի, այս Հայաստանն այլևս ընկնելու տեղ չունի, նրան կարող է «փրկել» միայն պատերազմը: Այն իմաստով, որ պատերազմը մեզ «կօգնի» ևս մի քանի տարի «հանդուրժել» Սերժ Սարգսյանին: Ինքը, հայտնի բան է, ուժեղ է միայն, երբ օղակը սեղմված է բոլորի պարանոցին: Այդպիսի մի օղակ է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Եթե հայտնի սփյուռքահայերն իրենց դիտորդությամբ մեզ ոչնչով էլ չկարողանան օգնել, գոնե արդեն թեմա կլինի այն, որ սփյուռքը հասկացել է իշխանություն փոխելու հայաստանցու անզորությունը: Այդ անզորությունը համարում է իրենը: Սփյուռքը կխոսի աշխարհի հետ և կներկայացնի մի հայի, որն իր նման չէ, որը չգիտի, թե ինչ է ընտրելու իրավունքը: Եթե այդքան հանգիստ խոսում ենք, որ կուսակցությունները կամ ընդդիմությունը վստահելի չեն, ուրեմն ինչու՞ պիտի սփյուռքը չխառնվի այս ամբողջ անվստահության պատմությանը:

Հայտնի սփյուռքահայերն ինչ-որ ազգային լեգիտիմություն ունեն՝ դա նրանց գեղարվեստական տաղանդն է: Նրանք իշխանության չեն հավակնում: Նրանք ուզում են, որ հայ ժողովուրդն իրեն այնքան չկորցնի, որ իր անպտղությունն արվեստի վրա էլ չտարածվի: Եվ հետո ո՞վ ասաց, որ Կարեն Կարապետյանը Մոսկվայից պետք է գա ու մեզ հեքիաթներ պատմի նոր տնտեսության մասին, իսկ նրանք չեն կարող ԱՄՆ-ից ու Կանադայից գալ և փորձել քվեի խիստ աշխարհիկ իրավունքն իրականություն դարձնել: Իրենք դա անում են մի հողի վրա, որը շատ խեղճ է ներդրումների համար, որովհետև հեքիաթների մեջ ներդրումներ չեն արվում: Կյանքը պետք է այստեղ այնպես բարելավվի, որ նկատելի լինի կույրին, որ բացատրելու կարիք չլինի խուլին և որ դժգոհելու տեղ չունենա համրը: Եվ որպեսզի հեքիաթները վերադառնան մանուկների անկողիններ, և կյանքը սկսվի զրոյից՝ մաքուր ու անապակ:

Լուսանկարում՝ կանդահայ դերասանուհի Արսինե Խանջյանը և վարչապետ Կարեն Կարապետյանը։ Լուսանկարը՝ ՀՀ կառավարության կայքէջից։

Մեկնաբանել