Մեր բակի դեկտեմբերի յոթը

Թե ինչու էի ես տանը 88-ի դեկտեմբերի յոթի չորեքշաբթի օրը՝ չհիշեցի: 88-ը տանը լինելու տարի չէր, հատկապես՝ չորեքշաբթի: Սուրբ Սարգսի կողքի հին բարձրահարկն էր մեր տունը: Էնքան արագ հասկացա, որ երկրաշարժ է, ոնց որ կյանքիս ընթացքում մի քանի անգամ տեսել էի: Երկրաշարժը իմ գլխում մի սարսափ էր, որի մասին փոքր տարիքից լսել էի. երկրաշարժը տարել էր մորս մեծ ընտանիքը՝ թողնելով միայն մորս ու տատիս:

Երբ մեր բարձրահարկն օրորվեց, անկանոն մի քանի անգամ անցա սենյակներով ու զգացի, որ պատռվում են պատերի պաստառները անկյունային մասերում: Փորձեցի դուրս գալ՝ դուռը չէր բացվում. այ սա արդեն տհաճ էր, մանավանդ որ աստիճաններով անմարդկային աղմուկով իջնում էին շենքի ինը հարկի բնակիչները: Ինչ-որ մեկը լսեց, որ դուռը բացել չեմ կարողանում՝օգնեց դրսից, ես էլ իջա բակ: Այդ պահին չգիտեինք, որ շատերիս մտերիմներն արդեն չկան, չկա մեր լավ քաղաքը, չկա Սպիտակը, վնասված է Կիրովականը, չկան գյուղերը: Մենք ոչ մի բան չգիտեինք դեռ, միայն զգացել էինք մահվան վախն ու անորոշ սպասում էինք, նույնիսկ չհասկանալով, որ սպասում ենք:

Մի քանի րոպեից շենքի ներսում տհաճ խոսակցություն լսվեց: Մտա ներս, ու պարզվեց մեր շենքի «ազդեցիկ» բնակիչները որոշել էին թույլ չտալ բնակիչներից մեկին տնից դուրս գալ: Ոչ բռնություն էին գործադրում, ոչ մի բան, ուղղակի չէին թողնում դուրս գա՝ հիշեցնելով Սումգայիթը: Ինչպես կասեին սովետական հայերենով՝ «բանը նրանումն է», որ մեր պատը պատին հարևանը վերջին ամիսներին ազգությամբ ադրբեջանցի Ամասիայի շրջանի առաջին քարտուղարն էր: Չէ, վայրագություն չկար, հիմարություն էր ավելի շատ: Ես տասնութ տարեկան էի, բայց արդեն Ղարաբաղյան շարժում տեսած, թեև էլի դժվար էր «ազդեցիկ» տղամարդկանց առաջ սեփական կարծիք հայտնելն ու ավելին՝ դուռը բացել, որ պատկառելի տարիքի ադրբեջանցի զույգը դուրս գա տնից ու իջնի բակ, թեև ո՛չ ինձ, ոչ ադրբեջանցու վրա ոչ ոք ձեռք չէր բարձրացնելու, ոչ մեկիս ոչինչ չէր սպառնում, սա Բաքուն չէր, որտեղ յոթերորդ հարկից մարդկանց նետում էին բակ, սա ուրիշ իրականություն էր:

Բայցևայնպես, ես դա արեցի, արեցի շատ վստահ, այնքան վստահ, որ ոչ ոք չընդդիմացավ: Նրանք նոր հարևաններ էին, ու ես իրենց դեմքով չէի էլ ճանաչում: Շնորհակալություն կամ նման մի բան չասացին, երևի լարված էին:

Ինչպես կասեին սովետական հայերենով՝ «բանը նրանումն է», որ ադրբեջանցի առաջին քարտուղարին բակ իջնել արգելողները 88-ի փետրվարի քսանից գոնե մի անգամ զբոսանքի համար օպերայի հրապարակում չէին եղել, Ղարաբաղի մասին իրենց պատկերացումները բավականին թույլ արտահայտված էին, և ազգայնականության այդպիսի «թունդ» արտահայտվածությունը պայմանավորված էր միայն նրանով, որ հարմար էր, չարժեր որևէ տեղ գնալ, վտանգել սեփական «ազդեցիկ» անձը, մրսել, կատաղել. ամեն ինչ ձեռքի տակ էր՝ ադրբեջանցին, իրենց շենքը, սուս-փուս, նույնիսկ դիմադրություն չկար, հանդիսատեսներն էլ ծանոթ հարևաններն էին, հետո կպատմեին իրենց չբացահայտված «ազգասեր» բարձրաստիճանների մասին, որոնք խոսում էին բացառապես ռուսերեն, կարոտում խորհրդային կարգերն ու անիծում շարժումը:

Շատ օրեր անց, երբ իբր ուշքի էինք գալիս կատարվածից, տանը պատմեցի, որ դեկտեմբերի յոթին մեր հարևանի դուռը բացել էի, որ ինքն ու կինն էլ դուրս գան բակ:

Իսկ ամիսներ հետո հայրս պատմեց, որ ընկերներից ինչ-որ մեկը տեսել էր ադրբեջանական հեռուստատեսությամբ, որ հարևանս արդեն Բաքվում անիծում էր Հայաստանը: Միշտ մտածում էի. բա էդ մարդը ինձ չի՞ հիշում… ես մեր անտանելի ցավի մեջ իրեն ամեն դեկտեմբերի յոթի հիշում եմ, երբ օրը սկսվում է մտերիմ ընկերներիս այցով իրենց ջահել մայրերի գերեզմաններին:

Մեկնաբանել