«Լուսավոր Հայաստանը» Վանաձորում կպահանջի նոր ընտրություններ

«Լուսավոր Հայաստանը» հունվարին դիմելու է կառավարությանը և պահանջելու է վաղաժամկետ դադարեցնել Վանաձորի ավագանու լիրազորությունները՝ հրավիրելով նոր ընտրություններ։

Հոկտեմբերի 2-ին կայացած ընտրություններում իշխող ՀՀԿ-ի թեկնածուն և նրան սատարող ՀՅԴ-ն միասին ստացել էին 15 մանդատ, իսկ «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները միասին՝ 18 մանդատ։ Չնայած վերջին երեքը համաձայնել էին աջակցել «Լուսավոր Հայաստանի» թեկնածուին, ավագանու առաջին նիստին փակ, գաղտնի քվեարկությամբ քաղաքապետ ըտրվեց ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանը։ Այժմ ՀՀԿ-ին չի հաջողովում քաղաքի կառավարումը բնականոն հունի մեջ դնել, քանի որ քաղաքի ավագանում փոքրամասնություն ունենալու պատճառով չեն կարողանում ավագանու նիստեր գումարել: Ավագանու ընտրություններից հետո գումարվել է ընդամենը ավագանում մեկ խնդրահարույց նիստ, որի ընթացքում ընտրվել է քաղաքապետ։

Այսօր խորհրդարանում «Տարածքային կառավարման մասին» օրենքի փոփոխությունների քննարկմանը պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր Էդմոն Մարուքյանը տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանին հարց ուղղեց, թե ինչպես են գնահատում Վանաձորի իրավիճակը, երբ քաղաքի ավագանու նիստ գումարվել է ընդամենը մեկ անգամ։ «Արդյոք կառավարությունն այս նախագիծը խորհրդարան բերելիս հաշվի առե՞լ է վանաձորյան իրավիճակը»,- հետաքրքրվեց Մարուքյանը։

Վաչե Տերտերյանն ասաց, որ եթե այսօր Վանաձորում քաղաքական ուժերը չունեն կոնսոլիդացիա, դա չի նշանակում, որ վաղը նրանք չեն գա ընդհանուր հայտարարի: Փոխնախարարի այս պատասխանից հետո Էդմոն Մարուքյանն ասաց, որ «Լուսավոր Հայաստանը» հունվարին դիմելու է կառավարությանը և պահանջելու է վաղաժամկետ դադարեցնել Վանաձորի ավագանու լիրազորությունները՝ հրավիրելով նոր ընտրություններ։ «Հերթական նիստերը, եթե երեք ամիս չեն գումարվում, ապա ավագանու լիազորությունները դադարում են վաղաժամկետ։ Հենց լրացավ այդ օրը, «Լուսավոր Հայաստանը» դիմելու է կառավարությանը և պահանջելու է դադարեցնել Վանաձորի անագանու լիազորությունները, որովհետև օրենքի պահանջով նիստեր չեն գումարվում»։

Էդմոն Մարուքյանը մտավախություն հայտնեց, որ վանաձորյան իրավիճակը վատ նախադեպ է խորհրդարանական համակարգի անցնող Հայաստանում․ «Այս նախադեպը շատ վտանգավոր է, և մեծ է հավանականությունը, որ վանաձորյան մոդելը, երբ որևէ քաղաքական ուժ մեծամասնություն չի ստանում, սակայն, հայտնի ձևով քաղաքապետ է ընտրում, կրկնվի նաև խորհրդարանում»։ Մարուքյանը հավելեց, որ կա՛մ Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետը կտա հրաժարական, կա՛մ իրենք կպարտադրեն նոր ընտրություններ։

Արձագանքելով Էդմոն Մարուքյանին՝ ԱԺ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ թեև ՀՀԿ-ն Վանաձորում չի ստացել մեծամասնություն, սակայն քաղաքապետն ընտրվել է փակ գաղտնի քվեարկությամբ։

ՍիվիլՆեթի նկարահանող խումբը օրեր առաջ այցելեր էր Վանաձոր և զրուցել քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի և ավագանու անդամ Քրիստ Մարուքյանի հետ առկա խնդրի շուրջ:

Մեկնաբանել