Հայաստանը գազի էժանացման համար ռազմավարական ակտիվ չի զիջի․ Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանը պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին ի պատասխան՝ երաշխաբորեց, որ գազի սակագնի իջեցումը չի հանգեցնի Հայաստանի կողմից որևէ ռազմավարական ակտիվի զիջման 2017-ի ընտրություններից հետո։

Ազգային ժողով – կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց վարչապետ Կարեն Կարապետյանին․ «Գազի սակագնի իջեցումը ուրախալի իրողություն է, սակայն մենք ունենք տխուր փորձ, երբ 2011-ին գազի սակագինը փոխվեց, ՀՀԿ-ն այդ փաստը թաքցրեց, և խորհրդարանական, նախագահական ընտրություններից հետո եկավ ու ասաց, որ 300 միլիոն դոլարի պարտք ենք կուտակել, որից հետո գազն էլ, հոսանքն էլ թանկացան»։ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե կարո՞ղ է արդյոք Կարեն Կարապետյանը երաշխավորել, որ ընտրություններից հետո գազի սակագինը չի բարձրանա, և/կամ Հայաստանը սակագնի իջեցման դիմաց չի վճարի ռազմավարական օբյեկտով կամ շահով։

Վարչապետ Կարապետյանը պատասխանեց կարճ՝ այո։ Կարեն Կարապետյանի լակոնիկ պատասխանից հետո պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պահանջեց, որ այնուամենայնիվ վարչապետը տա հստակ պատասխան․ «Դուք երաշխավորո՞ւմ եք, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրանա»,- հարցը կրկնեց Փաշինյանը։ Ի պատասխան՝ Կարեն Կարապետյանն ասաց․ “Ընտրություններից հետո գազի գինը բարձրանալու է, թե ոչ՝ ոչ։ Դրա դիմաց Հայաստանը ռազմավարական որևէ սուբյեկտով վճարելու է, թե ոչ՝ ոչ»,- ասաց Կարեն Կարապետյանը։

2011թ․ կեսերից, ինչպես ավելի ուշ ցույց տվեցին Պետեկամուտների կոմիտեի տվյալները, Հայաստանը՝ ի դեմս «ՀայՌուսգազարդ» ընկերության, ռուսական «Գազպրոմից» գազը գնում էր թանկացած սակագնով՝ 1000 խմ-ի դիմաց վճարելով 240 դոլար՝ նախկին 180 դոլարի դիմաց։

Այս փաստը, սակայն, Հայաստանի իշխանությունները թաքցնում էին, ըստ ամենայնի չցանկանալով 2012-ի խորհրդարանական և 2013-ի նախագահական ընտրություններից առաջ լարել սոցիալական դժգոհությունները։ Այդ ընթացքում տեղի չունեցավ գազի սակագնի բարձրացում, սակայն Հայաստանը «Գազպրոմին» կուտակեց 300 միլիոն դոլարի պարտք և ստիպված եղավ դրա դիմաց զիջել «ՀայՌուսգազարդ» ընկերությունում իր վերջին՝ 20 տոկոս բաժնեմասը։

Մեկնաբանել