Սիրիացի փախստականները Ղարաբաղում. գերմանական ռադիոյի անդրադարձը

Գերմանիայի պետական ռադիոն անդրադարձել է Արցախում հաստատված սիրիահայերին` «Սիրիացի փախստականները Լեռնային Ղարաբաղում, նոր կյանք պատերազմից այն կողմ» վերտառությամբ հոդվածով: Հոդվածի հեղինակ լրագրող Նաոմի Կոնրադն անձամբ է այցելել Արցախ և տեղում հանդիպել սիրիահայերին, ծանոթացել նրանց կենցաղին ու ապրելու պայմաններին: Հոդվածը որոշ կրճատումներով թարգմանաբար ներկայացրել է Արցախպրեսը։

«Քաղաքացիական պատերազմից դեպի կոնֆլիկտային շրջան՝ սիրիացի փախստականների ընտանիքները Լեռնային Ղարաբաղում իրենց համար նոր կյանք են կառուցում: Բնակեցնելով սիրիացիներին՝ Լեռնային Ղարաբաղի կառավարությունը ստեղծում է նոր իրավիճակ այն շրջանում, որի նկատմամբ պահանջ է ներկայացնում հարևան երկիրը»,- այսպիսի նախաբանով է սկսվում Արցախում սիրիացի փախստականների կյանքը ներկայացնող հոդվածը:

Լեռնային Ղարաբաղի հարավ-արևմուտքում գտնվող Իշխանաձոր գյուղում բնակություն է հաստատել սիրիահայ Հայկ Խաչատրյանը: Փոքրիկ խոհանոցի միջով նա մեզ ուղեկցում է դեպի հյուրասենյակ: Անկյունում նկատելի են արաբերեն լեզվով մի քանի դասագրքեր՝ Սիրիայի իր նախկին կյանքից վերջին հիշողությունները՝ իր կողմից ղեկավարվող կլինիկայից, իր սեփական մեծ տնից, իր բազմաթիվ ընկերներից և բարեկամներից»:

«Ես իմ կլինիկայում աշխատում էի, երբ Իսլամական պետության զինյալներն անսպասելիորեն ներխուժեցին: Նրանք ինձ հարցրին՝ ես քրիստոնյա՞ եմ, թե՞ ոչ: Տեղեկանալով, որ քրիստոնյա եմ, ինձ 4,5 ժամ գերության մեջ պահեցին՝ պահանջելով ընդունել իսլամ, հակառակ պարագայում սպառնում էին գլխատել»,- պատմում է Հայկը:

Չնայած, որ հայ քրիստոնյան հրաժարվել է փոխել կրոնը, զինյալները նրան բաց են թողել: Այդ դեպքից անմիջապես հետո նա հավաքել է ճամպրուկները և երեք դուստրերի հետ տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ: Այստեղ նա աշխատում է գյուղի հիվանդանոցում: Իշխանաձորում նրանց հետ ապրում են Սիրիայից գաղթած 20 ընտանիքներ:

Կյանքն օրից օր

25 տարուց ավելի է, ինչ խրամատների երկու կողմում դեմ առ դեմ տեղակայված են բանակները: Այս տարվա ապրիլ ամսին չորս օրով սրվեց հակամարտությունը՝ վերածվելով պատերազմի: Հայկ Խաչատրյանը շատերի հետ ևս կամավոր մեկնել է առաջնագիծ:

Ինչո՞ւ է նա եկել հենց այս միայնակ հողակտորը, այլ ոչ թե ԱՄՆ կամ Եվրոպա, ինչպես իր շատ ու շատ ընկերներ:

«Խնդիրնե՞ր: Ոչ, ես չեմ զգում դրանք: Մենք այստեղ ապրում ենք պարզապես օրից օր, իսկ պետությունն աջակցում է մեզ: Եկողներին կառավարությունը տրամադրում է անձնագիր և տուն: Այստեղ, ի տարբերություն եվրոպական երկրների, չենք ապրում աֆղանցիների կամ պակիստանցիների հետ մեկտեղ՝ փախստականների հանրակացարաններում: Այստեղ մարդը չի վախենում, իսկ աշխատելու պարագայում կարելի է լավ կյանք ունենալ»,- շարունակում է Հայկ Խաչատրյանը:

Բլուրների միջև ընկած փոքրիկ Իշխանաձոր գյուղում փախստականների ներկայությունը նկատելի է. լիբանանցի ձեռնարկատերը կառուցում է բենզալցակայան, մյուսը նախատեսում է փոքրիկ հյուրանոց կառուցել, իսկ մյուսները տներն են վերանորոգում:

Ղարաբաղի կառավարությունը ծրագրվա՞ծ է բնակեցնում սիրիացիներին

Մայրաքաղաք Ստեփանակերտում գտնվող կառավարության շենքում՝ իր աշխատասենյակում, մեզ դիմավորում է Արտակ Բեգլարյանը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի 28-ամյա խոսնակը: Ներկա դրությամբ այստեղ ապրում է 100 սիրիացի, բոլորը հայ քրիստոնյաներ են,- ծիծաղը երեսին տեղեկացնում է մեզ Արտակ Բեգլարյանը: Բայց հենց սկսվում են վիճելի տարածքների վերաբերյալ հարցերը, նա իսկույն լրջանում է. «Մենք չենք բանակցում տարածքների շուրջ: Մեր Սահմանադրության մեջ բավականին հստակ նշված է, որ բոլոր տարածքները մեզ են պատկանում: Այս երկերը մերն է, և սա մեր իրավունքն է»:

«Մենք ձգտում ենք բնակեցնել Լեռնային Ղարաբաղի բոլոր շրջանները, որոնք ունեն տնտեսական և սոցիալական կարևոր նշանակություն: Բայց առանց այդ մարդկանց (նոր բնակիչների) նույնպես այս հողը մերն է»,- ասել է Բեգլարյանը:

Արցախում հաստատված սիրիահայերի թեմային անդրադարձել էր նաև ՍիվիլՆեթը․

Ղամիշլիից ու Անջարից՝ Իշխանաձոր, Արցախ

Արցախի միջերկրածովյան այգեգործները

Մեկնաբանել