Կորցնելով Հալեպը՝ Թուրքիան տանուլ է տալիս իր նախագիծը, կարծում է Բաշար Ասադը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հարցազրույց է տվել սիրիական «Ալ-Ուաթան» թերթին։ Նրա պնդմամբ՝ կառավարական ուժերի հաղթանակը Հալեպում նշանակում է «արևմտյան և թուրքական նախագծի փլուզում», պատերազմի ընթացքի փոփոխություն, սակայն ոչ պատերազմի ավարտ։

Հաստատելով «Հալեպի համար պայքարում հաղթողը հաղթում է սիրիական պատերազմում» պնդումը՝ Ասադն ասել է, որ երկու կարևոր քաղաքներ Դամասկոսում և Հալեպում ռազմական հաղթանակ տարած կողմը նշանակալի քաղաքական և ռազմական նվաճում է գրանցում։

«Բայց քանի որ թուրքական նախագիծը հիմնված է Հալեպի վրա, հարցը հատուկ կարևորություն է ստանում»,- նկատել է Ասադը։

«Թուրքիան իր ամբողջ ուժը կենտրոնացրել և Էրդողանն իր խաղադրույքները դրել է Հալեպի վրա․ այդ քաղաքում նրանց պարտությունը նշանակում է ամբողջ Սիրիայով մեկ պատերազմի ընթացքի փոփոխություն, և, հետևաբար, արտաքին նախագծի՝ լինի տարածաշրջանային կամ արևմտյան, փլուզում»,- ասել է Ասադը՝ հավելելով, որ, այդուհանդերձ, Հալեպի համար պայքարում հաղթանակը նվաճում է, սակայն ոչ պատերազմի ավարտ։

Սիրիայի նախագահի խոսքով՝ Հալեպի առավելությունը ահաբեկիչների և նրանց համախոհների համար պայմանավորված է Թուրքիային աշխարհագրորեն մոտ լինելով, ինչն էլ բոլոր առումներով հեշտացնում նյութական ապահովումը։

Մեկնաբանելով Թուրքիայի միջամտության շարունակման դեպքում Սիրիայի հետ ռազմական առճակատման հավանականությունը՝ Բաշար Ասադն ասել է, որ քանի դեռ թուրքական քաղաքականությունը վարում է «աննորմալ և հոգեխանգարված անձնավորություն», ինչպիսին Էրդողանն է, կարելի է ակնկալել ամեն ինչ։

«Երբ գործ ունես հոգեխանգարված մարդու հետ, տրամաբանության համար տեղ չկա։ Տրամաբանությունը հուշում է, որ Թուրքիան և Սիրիան պետք է շահագրգռված լինեն բացառապես լավ հարաբերություններով, և դրանք են համընդհանուր տրամադրությունները Թուրքիայում և Սիրիայում, սակայն, ի վերջո, թուրքական միջամտության դեպքում Սիրիան իր տարածքները պաշտպանելու իրավունք ունի»,- նշել է Ասադը։ Նա հույս է հայտնել, որ Թուրքիայում կգտնվեն «ողջամիտ մարդիկ», որոնք Էրդողանին կհամոզեն «դադարեցնել հիմարությունն ու անմտությունը» Սիրիայի հարցում։

«Այդ դեպքում կարող ենք խուսափել նման առճակատումից, և պետք է աշխատենք այն կանխարգելելու ուղղությամբ»,- ասել է Ասադը:

Մեկնաբանել