Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է քաղաքապետարանի պաշտոնյա

Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա։

Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Ա.Ա.-ն:

«Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2016թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում Ա.Ա.-ն բնակելի տան, առևտրի սրահի և հասարակական սպասարկման օբյեկտի շինարարության ավարտական ակտեր տրամադրելու համար անձամբ կամ միջնորդների միջոցով քաղաքացիներից պահանջել և ստացել է խոշոր չափերով գումարներ: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․․․ Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է ԱԱԾ հաղորդագրությունում:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կառավարության նիստի ավարտից հետո այսօր լրագրողներին ասել է, որ նման երևույթը խստորեն դատապարտելի է, և նման աշխատակիցները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: «Այդպիսի աշխատակիցները տեղ չունեն մեր աշխատակազմում»,- ասել է նա:

Սիվիլնեթը փորձեց Ազգային Անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից ճշտել, թե մասնավորապես ո՞ր տարածքային վարչության մասին է խոսքը, սակայն նշեցին, որ առայժմ պետք է բավարարվելել միայն հաղորդագրությամբ:

Լուսանկարում՝ Տարոն Մարգարյանի առանձնատունը Երևանի Ավան թաղամասում։

Մեկնաբանել