Նոր հիմնադրամը կղեկավարի նախագահի խորհրդականը

Կառվարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Հայաստանի իրավազորություն» (Jurisdiction Armenia) ծրագրի հիմնադրույթներին: Ծրագիրն ուղղված է ոչ միայն տնտեսության իրական ոլորտի մեջ օտարերկրյա ներդրումների ներգրավման երկարաժամկետ հեռանկարի ապահովմանը, այլև մեծ շուկաների միջև ներդրումային հոսքերի համար հարմարավետ և գրավիչ հանգույցի ստեղծմանը։ ««Հայաստանի իրավազորություն» ծրագրի գաղափարախոսությունն է համապատասխան քայլերի հաջորդականությամբ մշակել այն հարթակը, որը Հայաստանը գրավիչ կդարձնի օտարերկրյա ընկերությունների համար և կստեղծի խթաններ ֆինանսական հոսքերը, ինչպես նաև մարդկային ռեսուրսները դեպի Հայաստան վերաուղղելու համար: Ծրագրի կարգախոսն է՝ «անվտանգ, բարենպաստ և հասանելի»»,- նշված է կառավարության հաղորդագրությունում։

«Հայկական ժամանակ» օրաթերթն իր այսօրվա համարում այս մասին գրել է, որ «այս տարօրինակ անվանումով հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը գլխավորելու է Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը»: Խորհրդի կազմում են ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, տնտեսական զարգացման նախարար Սուրեն Կարայանը և «Անիվ» հիմնադրամի նախագահ Արտյոմ Կոստանդյանը: Ուսումնասիրելով կանոնադրությունը, կարելի է պնդել, որ հիմնադրամին վերապահվում են կառավարության գործառույթներ: Նպատակների մեջ նշվում է, որ հիմնադրամը պետք է աջակցի օրենսդրական փոփոխությունների նախագծերի մշակմանը, բարձրացնի երկրի ներդրումային ունակությունները, ապահովի ֆինանսական հոսքերի արագ աճ, օժանդակի տնտեսության դիվերսիֆիկացմանը և այլն:

2014թ․ հունիսին կառավարությունը պետբյուջեի հաշվին օժանդակել էր ՀՀ նախագահի գխավոր խորհրդական Արամ Ղարիբյանի 100 հազ. դրամ կապիտալով «Արմյանսկիյ ուրաժայ» ընկերությանը՝ երեք տարով հետաձգելով ներկրվելիք 3,66 մլրդ դրամի ապրանքների մասով ԱԱՀ-ի վճարումը։

2015թ․ նոյեմբերին էլ կառավարությունը թույլատրեց այս ընկերության կողմից ներմուծվելիք մոտ 1,4 մլրդ դրամի ապրանքների մասով ավելացված արժեքի հարկի վճարումը՝ 267 մլն դրամ, հետաձգել մինչև 2018թ.:

Մեկնաբանել