Վրաստանին և Ուկրաինային ԵՄ-ի հետ անայցագիր ռեժիմից մեկ քայլ է բաժանում

Եվրամիության Խորհուրդն ու Եվրախորհրդարանը համաձայնության են եկել այսպես կոչված սառեցման մեխանիզմի շուրջ, որը վերջին նախապայմանն է Ուկրաինայի և Վրաստանի հետ անայցագիր ռեժիմ հաստատելու ճանապարհին, հաղորդում է Agenda-ն։

Եվրախորհրդարանի անդամ Քաթի Փիրին Թվիթերում գրել է, որ վերջապես համաձայնություն է կայացվել սառեցման մեխանիզմի շուրջ, այնպես որ հաջորդ շաբաթ կարող է քվեարկություն անցկացվել Վրաստանի և Ուկրաինայի համար այցագրային ռեժիմի վերացման հարցով։

ԵՄ Եվրոպական հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանը Թվիթերում ողջունել է որոշումը և կոչ արել ԵՄ Խորհրդին և Եվրախորհրդարանին որքան հնարավոր է արագ որոշում ընդունել։

Ամենայն հավանականությամբ քվեարկությունը Եվրախորհրդարանում տեղի կունենա հաջորդ շաբաթ։

Սառեցման մեխանիզմը գործիք է, որը թույլ է տալիս ԵՄ յուրաքանչյուր երկրի դիմել Եվրահանձնաժողովին արտահերթ պայմաններում որևէ առանձին երկրի քաղաքացիների համար անայցագիր ռեժիմը ժամանակավորապես դադարեցնելու պահանջով։

Մեկնաբանել