Թուրքիան հետ է կանչել ՆԱՏՕ-ում իր սպայական կազմի կեսին․ ամերիկացի գեներալ

Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ ուժերի գերագույն հրամանատար, ամերիկյան գեներալ Քըրթիս Սկապարոտին հայտարարել է, որ Թուրքիայում հուլիսին ռազմական հեղաշրջման փորձից ի վեր Անկարան հետ է կանչել ՆԱՏՕ-ում իր 300-հոգանոց սպայական կազմի կեսին, հաղորդում է Wall Street Journal-ը։

Հետ կանչված սպաներից ոմանք հրաժարվել են վերադառնալ Թուրքիա և ապաստան են խնդրել Բելգիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում և այլուր։

Թուրքիայի ղեկավարությունը իր սպաներին հետ է կանչում հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակում։

Հարցին, թե արդյոք կարծում է, որ թուրք զինվորականները կարող էին մասնակցել հեղաշրջման կազմակերպմանը, Սկապարոտին պատասխանել է, որ ոչ, նրանք «լավ են ծառայել ՆԱՏՕ-ում»։

«Նրանք այն սպաներն են, որոնք կառուցել են կարիերա և ունեն նշանակալի փորձ»,- լրագրողներին ասել է գեներալը։

Քըրթիս Սկապարոտին իր մտահոգությունն է հայտնել սպայական կազմի կրճատման առթիվ և հույս հայտնել, որ Թուրքիայի իշխանությունները կգործեն օրենքի շրջանակում և «իրենց մարդկանց կվերաբերվեն ինչպես հարկն է»։

Մեկնաբանել