«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծառայողների նկատմամբ հարուցվել է քրեական գործ

Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծառայողների նկատմամբ:

«ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ վերահսկիչ պալատի 2016թ. ընթացիկ հաշվետվության ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծառայողների կողմից հիմնադրամի գույքի կառավարման, պետական միջոցների տնօրինման գործընթացներում թույլ են տրվել խախտումներ և չարաշահումներ, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ»,- ասվում է դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

ՀՀ վերահսկիչ պալատը բացահայտել է, որ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծառայողների կողմից հիմնադրամի գույքի կառավարման, պետական միջոցների տնօրինման գործընթացներում թույլ են տրվել խախտումներ և չարաշահումներ, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Նոյեմբերի 1-ին «Հետքը» հոդված էր հրապարակել թեմայի վերաբերյալ։ Վերահսկիչ պալատը պարզել է, որ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը լիազորել է իր երկու աշխատակիցներին, որպեսզի վերջիններս հենց իր՝ քաղաքացի Բագրատ Ենգիբարյանի հետ Հիմնադրամի անունից կնքեն փոխառության պայմանագրեր, որոնց ընդհանուր գումարը կազմել է 37 մլն դրամ: Վերջինս այս բացահայտումը հերքել է:

Համաշխարհային բանկի կողմից տրամադրված «Ձեռնարկությունների ինկուբատոր» վարկային ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով 2001թ. ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, որի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս ՀՀ կառավարության:

Լուսանկարում՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, Ittrend.am կայքից

Մեկնաբանել