Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարները ԼՂ հարցով հայտարարություն են ընդունել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարություն են ընդունել Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ։ Համանախագահ երկրները Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են անում վերսկսել բանակցությունները։

Համբուրգում ընթացող ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների հերթական հավաքին, ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները դեկտեմբերի 8-ին ընդունել են համատեղ հայտարարություն՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոյի անունից։

Հայտարարարությունում նախարարները հիշատակում են Ղարաբաղում ռազմական բախումը ապրիլին, և կոչ են անում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հարգել մայիսին՝ Վիեննայում և հունիսին՝ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները։

«ՄԵնք ողջունում ենք կողմերի առաջընթացը անհետ կորածների մասին տվյալներ փոխանակելու հարցում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո։ Մենք կողմերին հորդորում ենք վերացնել բոլոր մնացած խոչընդոտները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելությունն ընդլայնելու ճանապարհին և առաջընթաց արձանագրել ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմ ներդնելու առաջարկի ուղղությամբ։ Առաջարկությունները պետք է կատարվեն կարգավորման շուրջ անհապաղ բանակցությունների վերսկսկմանը զուգահեռ։ Մենք ցանկանում ենք վերահաստատել մեր կոչը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ ցուցաբերելու ճկունություն և վերադառնալու բանակցությունների սեղանի շուրջ՝ ներկա աշխատանքային առաջարկների հիման վրա կայուն խաղաղության հասնելու հստակ նպատակով։ Քանի դեռ բանակցություններում առաջընթաց չկա, նոր բռնությունների հեռանկարը միայն մեծանալու է, և կողմերը կրելու են դրա ամբողջական պատասխանատվությունը։

Մենք կողմերին հիշեցնում ենք, որ կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, մասնավորապես՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների հավասար իրավունքների և ազատ ինքնորոշման, ինչպես նաև համանախագահող երկրների նախագահների կողմից առաջարկված լրացուցիչ տարրերի վրա, այդ թվում՝

Ադրբեջանի վերահսկողությանը Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքների վերադարձը;

Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակը, որը նրան կտա անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ;

Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական կարգավիճակի սահմանումը պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտությամբ;

բոլոր տեղահանվածների և փախստականների՝ իրենց բնակության նախկին վայրեր վերադանալու իրավունքը;

անվտանգության միջազգային երաշխիքներ, որը կներառի խաղաղապահ գործողություն։

Մեր երկրներն աշխատելու են սերտորեն համագործակցել կողմերի հետ, և մենք նրանց կոչ ենք անում առավելագույնս օգտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական աջակցությունից։

Համանախագահ երկրները պատրաստ են կազմակերպելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում, երբ նրանք պատրաստ լինեն։ Մենք խորապես համոզված ենք, որ նախագահները կարիք ունեն հնարավորինս շուտ և բարի մտադրությամբ վերսկսելու բանակցությունները։ Համանախագահների հովանու ներքո նախագահների շարունակական և ուղղակի երկխոսությունը կարևոր տարր է մնում վստահություն կառուցելու և խաղաղ կարգավորման ուղղությամբ շարժվելու համար»։

Երեկ Համբուրգում ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպմանը ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ևս անդրադարձել էր ԼՂ խնդրին՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է սկսել իրական բանակցություններ քաղաքական լուծում գտնելու նպատակով։

Մեկնաբանել