Նոր «փոխհրաձգություն» Թուրքիայի և Գերմանիայի միջև

Թուրքիայի և Գերմանիայի միջև նոր դիվանագիտական սկանդալ է տեղի ունեցել․ դիվանագիտական անձնագրեր ունեցող Գերմանիայի քաղաքացիները Ստամբուլի օդանավակայանում մանրակրկիտ զննության են ենթարկվում: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակ Այշենուր Բահչեքափըլըն անձնագրի հետ խնդիրներ ունենալու պատճառով պահվել էր Քյոլնի օդանավակայանում։

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, գերմանացի դիվանագետների՝ Թուրքիա մուտքն ու ելքը թույլատրվում է միայն մանրակրկիտ զննությունից հետո։ Գերմանիայի չորս քաղաքացիներ բաց են թողել իրենց թռիչքները՝ երկարատև ստուգումների պատճառով։

Այշենուր Բահչեքափըլըի հետ տեղի ունեցած միջադեպը խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Դուք ընդունում և ապաստան եք տալիս ահաբեկիչներին, սակայն ժամերով օդանավակայանում սպասեցնում եք այս երկրի խորհրդարանի փոխխոսնակին։ Չպե՞տք է արդյոք նույնն անենք նրանց հետ։ Եվ դրանից հետո նրանք Էրդողանին բռնապետ են անվանում։ Ես ձեզ կպատասխանեմ նույն կերպ, եթե ձեր ոստիկանությունն իմ խորհրդարանի փոխխոսնակին, կին օրենսդրին վատ է վերաբերվում»,- սպառնացել է Էրդողանը։

Գերմանիայի իրավապահների գործողությունները դատապարտել է նաև Թուրքիայի խորհրդարանը։ Բոլոր կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ գերմանական ոստիկանության գործողությունները որակվել են որպես անընդունելի։

Ավելին՝ Անկարան իր վրդովմունքը հայտնել է նաև Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանին կանչելով ԱԳՆ։

Դեկտեմբերի 5-ին Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակ Այշենուր Բահչեքափըլըն գործընկերների հետ Գերմանիայից վերադառնում էր Թուրքիա։ Քյոլնում իր պայուսակն ու դիվանագիտական անձնագիրը կորցրած պաշտոնյան ժամանակավոր անձնագիր էր ստացել Թուրքիայի հյուպատոսությունից, սակայն ոստիկանությունը չէր ընդունել այդ փաստաթուղթը և նրան պահել օդանավակայանի ոստիկանական բաժանմունքում։

Մեկնաբանել