Այսօր «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները համաձայնագիր ստորագրեցին 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին համագործակցելու մասին:
Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը նշեց, որ հաջողության հասնելու միակ գրավականը նույն տեսլականն ու երազանքը կիսող գործիչների ջանքերի համադրման, ուժերի մեկտեղման և միավորման մեջ է:
«Հայաստանի քաղաքական դաշտում վերջին իրողությունները, այս ընտրական գործընթացում բացի մեր հիմնական գործառույթից՝ մեր քաղաքկան ծրագրերի և նպատակների տարածումից և քարոզումից, որպես անքննելի և անբասիր ընդդիմադիրներ բժշկի հոգատարությամբ պետք է պայքարենք իշխող ուժից բխող վարակի պես տարածվող կեղծիքի և ստի դեմ՝ մեր ընտրողին ցույց տալով, թե որտեղ է իր խնդիրների լուծման ուղին»,- նշեց Մարուքյանը:
«Որպեսզի մենք կարողանանք այսօրվա իշխանության կողմից ջլատվող այս իրավիճակից ժողովրդին դուրս բերել և տանենք դեպի քաղաքակիրթ պետություն, ուզում եմ դիմել մեր ժողովրդին, երկրի ապագայով մտահոգ բոլոր անձանց` ազատամարտիկներին, որոնք կկարողանան սատարել մեզ, հավատալ մեզ, որը գրավական կլինի մեր հետագա հաղթանակի»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը նշեց, որ այսօրվա դաշինքը ձևավորվել է գաղափարական հենքի վրա՝ ի սկզբանե քննարկելով և ընդհանուր հայտարարի բերելով թե՛ մարտավարական, թե՛ աշխարհաքաղաքական և թե՛ ապագային միտված բոլոր հարցերը։
«Մենք հուսով ենք, որ մեր ճշգրիտ ու ակտիվ աշխատանքի արդյունքում կարող ենք հանրային այնպիսի աջակցություն և մասնակցություն ունենալ, որը մեզ հնարավորություն կտա հոկտեմբերի 27-ի դավադրաբար ու դավաճանաբար գնդակահարված Միասնություն դաշինքի, 2003-2004 թվականների ընտրություններում Արդարություն դաշինքի հետ ճանապարհ անցած ու Մարտի 1-ով կոփված մեր քաղաքացիների նպատակներն ու երազանքներն իրականություն դարձնել՝ փակելով այդպես էլ 21-րդ դար չմտած մեր իշխանության ամոթալի էջը»,- ասել է նա:
Հարցուպատասխան
Սեպտեմբերին և հոկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցրել։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես ստացվեց, որ նախորդ ամիսներին իրար քննադատած և անգամ մեղադրած ուժերն այսօր դաշինքով են հանդես գալիս։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․
«Նախորդ ամիսներին մեր մեջ տեղի ունեցածը պայմանավորված է եղել համագործակցության եզրերի փնտրտուքով, և այսօր այս ստարագրված փաստաթուղթը դրա ապացույցն է։ Այս ամիսներին մենք բարձարաձայնել ենք մեր պատկերացումների եզրը, և այսօրվա մեր հուշագիրը այդ տարաձայնությունները հաղթահարելու ավելի երկարատև ճանապարհ անցնելու վավերացումն է»,- ասաց Փաշինյանը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն էլ վերահաստատեց Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումն ու ավելացրեց․ «Մենք վեր ենք կանգնել մեր տարաձայնություններից՝ հանուն մեր ընդհանուր շահի, հանուն Հայաստանի Հանրապետության»:
ՍիվիլՆեթը հետաքրքրվեց, թե առաջիկայում հնարավոր է, որ դաշինք կազմող ուժերի թիվն ավելանա, և կա՞ն արդյոք քաղաքական ուժեր, որոնց հետ բացառվում է որևէ համագործակցություն։
«Քաղաքացիական պայմանագրի» վարչության նախագահ Սասուն Միքայելյանն ասաց, որ եթե ներկայում հուշագիրը ստորագրած ուժերը գան կոնսենսուսի, ապա կարող են առաջիկայում համագործակցել նաև այլ կուսակցությունների հետ։
«Չեմ կարող ասել, թե ում հետ չենք համագործակցելու, քանի որ այս պահին ընթանում են քաղաքական քննարկումներ»,- ասաց Սասուն Միքայելյանը։
Հարցին, թե ինչպես են վերաբերվում քաղաքականություն վերադարձող Գագիկ Ծառուկյանի և ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ընդդիմադիր գործունեությանը, Արամ Սարգսյանն ասաց․
«Չեմ կարսկածում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կծավալի ընդդիմադիր գործունեություն, իսկ Գագիկ Ծառուկյանի դեպքում ժամանակը ցույց կտա։ Մեր խնդիրը այս իշխանությունն է, որ գործում է մեկ սկզբունքով, փող է ծախսում, որ գա իշխանության, և հետո փող է հավաքում, որ պահի այդ իշխանությունը, արդյունքում երկիրը շարունակում է մնալ աղքատ։ Մեր պայքարը լինելու է սրա դեմ, և եթե այս ուժերը իշխանության դեմ պայքարում ունենան իրենց ներդրումը, մենք միայն կողջունենք»,- նշեց Սարգսյանը: