Թուրքիա-Եվրամիություն անդամակցության հետագա բանակցությունները կարգելակվեն Վիեննայի կողմից․ Spiegel պարբերականի հետ զրույցում ասել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը՝ քննադատելով Թուրքիային մարդու իրավունքների խախտումների համար։
Նոյեմբերի 24-ին Եվրախորհրդարանն ընդունել էր Թուրքիա-ԵՄ բանակցությունները սառեցնելու վերաբերյալ իրավականորեն ոչ պարտադիր բանաձև՝ մատնանշելով հուլիսյան հեղաշրջման փորձից հետո երկրում համատարած հետապնդումներն ու բռնաճնշումները։
Թուրքիայի անդամակցության հարցը վերջնականորեն վճռվելու է Եվրոպական Խորհրդի հավաքի արդյունքներով, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 15-16-ին։
Կարևոր այդ հանդիպումից առաջ ԵՄ-ի ընդհանուր հարցերի խորհուրդը հավաքվելու է քննարկելու Անկարայի պոտենցիալ դերը ԵՄ-ում։ Այդ հանդիպմանը Ավստրիան մտադիր է արգելափակել Թուրքիա-ԵՄ հետագա բանակցությունները։
«Եվրախորհրդարանն ընդունել է խիզախ և ճիշտ բանաձև՝ պահանջելով, որ Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները սառեցվեն։ Արտաքին գործերի նախարարների եզրակացություններում նույնպես պետք է լինի արձագանք Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին։ Մենք նույնպես պետք է առաջարկենք, որ անդամակցության բանակցությունները սառեցվեն»,- ասել է Կուրցը։
Ավստրիացի նախարարն նշել է, որ Նիդեռլանդների ու Բուլղարիայի դիրքորոշումները համահունչ են Վիեննայի մոտեցմանը։ Կուրցի համոզմամբ՝ Թուրքիան չի կիսում ԵՄ-ի արժեքները։
Ավստրիայի ԱԳ նախարարը կոչ է արել, որ ԵՄ-ն հստակ արձագանքի հուլիսի 15-ից հետո Թուրքիայում ստեղծված իրադրությանը [հեղաշրջման փորձից հետո Անկարան զանգվածային մարդորս է սկսել երկրում՝ ձերբակալելով մի քանի տասնյակ հազար անձանց, աշխատանքից հեռացնելով մոտ 100 հազարին – ՍիվիլՆեթ]։
Սեբաստիան Կուրցը ընդգծել է Թուրքիայում ընդդիմադիրների ահաբեկումն ու սպառնալիքները, այլախոհների ազատազրկումն ու մահապատժի հնարավոր վերականգնումը։
«Ես մշտապես նախազգուշացրել եմ մեզ Թուրքիայից կախվածության մեջ չգցելու մասին։ Մենք պետք է պաշտպանենք մեր արտաքին սահմանները և կարողանանք որոշել՝ ով կարող է ներգաղթել Եվրոպա, իսկ ով՝ ոչ»,- նշել է նախարարը։
***
Նոյեմբերի 24-ին Եվրախորհրդարանը քվեարկել էր Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները սառեցնելու օգտին։ Որոշման օգտին քվեարկել էր 479 պատգամավոր, 37-ն արտահայտվել էր դեմ, 107-ը՝ ձեռնպահ։
Նույն օրը Ավստրիայի խորհրդարանի անդամները սատարել էին երկրի վեց քաղաքական ուժերի նախաձեռնությանը՝ Թուրքիային սպառազինությունների մատակարարման դադարեցման վերաբերյալ։