Արցախի օմբուդսմենը Ադրբեջանի պաշտոնակցին մեղադրել է ստի համար

ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը արձագանքել է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի այն հայտարարությանը, թե Արցախի Հանրապետությունում Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի նկատմամբ իրականացված դատական պատժամիջոցներն, իբր թե ըստ ԿԽՄԿ-ի, չեն համապատասխանում միջազգային իրավունքի սկզբունքներին:

«Դեկտեմբերի 9-ին, ադրբեջանական APA լրատվական գործակալությունը տարածել է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի հայտարարությունն Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան Արցախում պատիժ կրող Ադրբեջանի Հանրապետության երկու քաղաքացիների վերաբերյալ։ Մասնավորապես, Ադրբեջանի օմբուդսմենի պնդմամբ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ղեկավարը նրա հետ զրույցում նշել է, որ այդ անձանց՝ «անօրինական դատարանի կողմից դատապարտումը չի համապատասխանում միջազգային իրավունքի նորմերին և հակասում է դրանց»։

 Ակնհայտ է, որ Ադրբեջանի օմբուդսմենի հայտարարությունը մարդու իրավունքների պաշտպանության ազգային ինստիտուտի և ԿԽՄԿ-ի փոխգործակցության խիստ անհաջող դրսևորում է: Ավելին, նման հայտարարությունն անհարիր է ցանկացած օմբուդսմենի։ Նշված հայտարարությունն առաջացրել է ԿԽՄԿ-ի կողմից պատշաճ արձագանքման անհրաժեշտություն, քանի որ այն առաջին հերթին վնասում է ԿԽՄԿ-ի՝ որպես չեզոքության և անկողմնակալության բացարձակ սկզբունքներով առաջնորդվող բացառիկ միջազգային կառույցի հեղինակությանը և հանրային ընկալմանը։

Միևնույն ժամանակ, Արցախի Հանրապետության իրավասու պետական մարմիններին կոչ եմ անում ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի հետ հետագա հարաբերությունները չպայմանավորել Ադրբեջանի օմբուդսմենի հայտարարությամբ և դրա հետևանքներով՝ հաշվի առնելով մարդասիրական ոլորտում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հատուկ առաքելությունը»,- «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է Ռուբեն Մելիքյանի հայտարարության մեջ։ 

Արցախի Կարմիր խաչը հերքել է Ադրբեջանի օմբուդսմենի հայտարարությունը

Ավելի ուշ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժինը, ի պատասխան «Արցախպրես»-ի հարցադրմանը, հերքել է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Էլմիրա Սուլեյմանովայի այն հայտարարությունը, թե Արցախի Հանրապետությունում ազատազրկված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի նկատմամբ դատական պատժամիջոցներն, իբր թե ըստ ԿԽՄԿ-ի, չեն համապատասխանում միջազգային իրավունքի սկզբունքներին: 

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) երբեք չի արտահայտվում ազատազրկման պատճառների, կալանավորման իրավական հիմքերի և դատավճռի իրավասության վերաբերյալ»,- հայտարարել է կազմակերպությունը՝ նշելով, որ «չի զբաղվում ազատազրկված անձանց ազատ արձակելու հարցերով»: Կառույցի հիմնական առաքելությունն է՝ «բոլոր ազատազրկվածների համար ապահովել մարդկային վերաբերմունք, ազատազրկման արժանապատիվ պայմաններ և կապ ընտանիքի հետ»: