Ընդդիմությանը պետք է մեծ համախմբում

Հայաստանի ներքաղաքական դաշտի և ընտրական գործընթացների վրա այսօր ամենից էական և վճռական ազդեցություն կարող է թողնել Գագիկ Ծառուկյանը: Լավ է սա, թե՝ վատ, այլ հարց է, սակայն իրականություն է, որ նախընտրական ներքաղաքական դաշտը մի վիճակ է Ծառուկյանով, բոլորովին այլ՝ առանց Ծառուկյանի:

Սերժ Սարգսյանի վերարտադրության, այն է՝ Սահմանադրական փոփոխությունների և հանրաքվեի դրական ելքի ճանապարհին Ծառուկյանը իրական խոչընդոտ էր: Երբ Ծառուկյանի շուրջ համախմբվեցին Լևոն Տեր-Պետրոսյանն ու «Ժառանգություն» կուսակցությունը, դա արդեն Սարգսյանի համար դարձավ սպառնալիք:

Ահա այդ պատճառով էր, որ Սարգսյանն ու նրա թիմը անպարկեշտ ու հանդուգն կերպով ցեխարձակումներ սկսեցին Ծառուկյանի դեմ: Վերջինս, ճիշտ է, ավելի կոռեկտ և արժանապատիվ կերպով պատասխանեց Սարգսյանին ու ռեժիմին, սակայն ստիպված էր տեղի տալ վտանգավոր ճնշումներին և հեռանալ քաղաքականությունից:

Այսօր, թվում է, Ծառուկյանի վերադարձը Սարգսյանի և իշխող ՀՀԿ-ի համար կարող է միայն դրական ազդեցություն թողնել, քանի որ խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստանը» կտանի այն քվեները, որոնք Ծառուկյանի չմասնակցության դեպքում գնալու են հիմնականում ընդդիմադիր դաշտ, որը Սարգսյանի համար անկառավարելի է:

Ահա այդ պատճառով է, որ ընդդիմադիրները Ծառուկյանի վերադարձի մեջ տեսնում են հարված հենց իրենց: Եվ այստեղ այլևս էական չէ՝ Ծառուկյանը վերադառնում է Սարգսյանի հետ պայմանավորվածության արդյունքո՞ւմ, թե՞ նրա վերադարձը անձնական որոշում է, կամ եթե կուզեք՝ հազարավոր մարդկանց խնդրանք, ինչպես ներկայացվում է:

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախօրեին, թվում է, իշխանական դաշտը ուրվագծված է, մինչդեռ ընդդիմադիր հատվածում անորոշությունները ավելի շատ են:

Իշխանական դաշտում շատ բան արդեն հստակ է կամ մոտ է պարզվելուն: Ընտրություններում իշխանական դաշտը, հավաբանար կլինի քառագլուխ՝ իշխող ՀՀԿ և ՀՅԴ, ինչպես նաև ԲՀԿ և «Հայկական վերածնունդ» կամ նախկին «Օրինաց երկիր»:

Եթե անգամ ԲՀԿ-ն ու «Հայկական վերածնունդը» հանդես գան խիստ ընդդիմադիր հռետորաբանությամբ, նրանք չեն կարող լինել ընդդիմություն: Այս ուժերը Սերժ Սարգսյանի հետ ունեն համագործակցության անջնջելի անցյալ և հազար թելով կապված են նրան: Բացի այդ, այս երկու ուժերը արտաքին քաղաքականության կարևորագույն քվեարկութուններում ունեցել են նույն կեցվածքը, ինչպես ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ԵՏՄ-ի ու Ռուսաստանի հետ կապված քվեարկություններին:

Ընդդիմադիր դաշտում շատ բան դեռ չի պարզվել: Եթե ընդդիմադիր դաշտում չլինի հստակություն, ապա դա մոլորության մեջ է գցելու իշխանությունների համար քվեարկել չցանկացող քաղաքացուն: Այդ պատճառով, չափազանց կարևոր է ընդդիմության միավորումը մեկ, միասնական հովանոցի տակ:

Դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցությունների՝ նախընտրական դաշինք կազմելու մասին հայտարարությունը: Այս միավորմանը կարող են մաս կազմել ևս երկու ընդդիմադիր ուժեր՝ «Ժառանգությունը» և ԳԱԼԱ-ն:

Կարելի է անգամ կասկած չունենալ, որ ընդդիմադիր այս միավորումը հաղթահարելու է նոր խորհրդարանում ներկայացված լինելու շեմը: Բայց արդյոք դա բավարար է՞: Արդյոք պայքարը 5 կամ 7 տոկոսի համար է՞: Այս խորհրդարանում ընդդիմությունը ներկայացված է, բայց Սերժ Սարգսյանը միայն իր ՀՀԿ-ով Հայաստանի և հայ ժողովրդի վզին փաթաթում է ԵՏՄ, 1000 դրամ ու ինչ-որ անհրաժեշտ է համարում:

Հետևաբար, Սարգսյանի ու ՀՀԿ-ի ախորժակը զսպելու հարցում շատ կարևոր է նոր խորհրդարանում ունենալ քաղաքական ուժերի այնպիսի դասավորվածություն, որի պայմաններում ՀՀԿ-ն և նրա արբանյակ կամ դաշնակից ուժերը չունենան բացարձակ մեծամասնություն, ինչպես այս խորհրդարանում է:

Ընտրությունների նախօրեին, թվում է, ընդդիմությանը չի հաջողվում մեկ միասնական դաշինք կազմել, ինչպես դա հաջողվեց 2003-ին, երբ ձևավորվեց «Արդարություն» դաշինքը: Հայաստանի ընդդիմադիր տրամադրությունները արտահայտող կարևոր ուժերից մեկը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը, կարծես չի պատրաստվում միանալ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների եռյակին:

Ընդդիմադիր մեկ այլ ուժ՝ «Համախմբում» կուսակցությունը, որը Գյումրիի տեղական ընտրություններում ակնհայտ ավելի շատ քվեներ ստացավ, քան ՀԱԿ-ն ու «Քաղաքացիական պայմանագիր»-ը միասն, դեռևս չի հայտարարել, թե ինչ ձևաչափով է մասնակցելու ընտրություններին:

Լայն հաշվով, ընդդիմության պառակտվածությունը և մեկ միասնական ճակատ ձևավորելու անընդունակությունը ոչ միայն նրա պարտությունն է, այլ Սերժ Սարգսյանի և իշխող ՀՀԿ-ի հաղթանակը: Դա անգամ կարելի է որակել Սարգսյանի ու ՀՀԿ-ի նախընտրական հաղթանակ:

Իսկ բացատրությունները և պնդումները, թե որ կուսակցության հետևում ինչ ականջներ են երևում կամ ինչու չհաջողվեց ընդդիմադիր դաշտը միավորել, լայն զանգվածների համար լուրջ հետաքրքրության թեմա չեն այլևս:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել