Ֆրանսիայի Սենատը ճանաչեց եզդիների ցեղասպանությունը

Ֆրանսիայի Սենատը դեկտեմբերի 11-ին ընդունել է բանաձև՝ ԴԱԻՇ [«Իսլամական պետություն»] ահաբեկչական կազմակերպության կողմից Իրաքում և Սիրիայում եզդիների ցեղասպանության հարցով: Բանաձևը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը պաշտոնապես ճանաչել եզդիների նկատմամբ ԴԱԻՇ-ի գործած ցեղասպանությունը, հաղորդում է DengeEzdia.com կայքը։

«Մենք շարունակում ենք բանակցել ֆրանսիացի գործընկերների հետ և հուսով ենք, որ ֆրանսիական Սենատի կողմից ընդունված բանաձևը կօգնի ճանաչել եզդիների հանդեպ կատարված հանցագործությունները՝ որպես ցեղասպանություն»,- DengeEzdia.com-ին ասել է Ֆրանսիայի Եզդիների միության նախագահ Վիտալի Նաբիևը՝ հավելելով, որ այս բանաձևը իրենց երկու տարվա աշխատանքի արդյունքն է:

Ցեղասպանության ճանաչման օգտին քվեարկել են Սենատում ներկա բոլոր 309 անդամները: Բանաձևով ֆրանսիացի սենատորները կոչ են անում կառավարությանը պաշտոնապես ճանաչել եզդիների նկատմամբ ԴԱԻՇ-ի գործած ոճրագործությունը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջովով այն ուղարկել Միջազգային քրեական դատարան։

Ցավալի է, որ Հայաստանը՝ որպես ցեղասպանության հետևանքները կրող պետություն, ինքը չի բարձրացրել եզդիների հարցը

«Իրականում ոգևորող է, որ Ֆրանսիայի եզդիական համայնքը կարողացել է հասնել նման արդյունքների, իսկ Ֆրանսիան ևս մեկ անգամ ապացուցեց, որ կանգնած է մարդու իրավուքնների պաշտպանության ակունքներում»․ Սենատի բանաձը ՍիվիլՆեթի հետ զրույցում այսպես գնահատեց Հայաստանում գործող «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ, լրագրող Բորիս Մուրազին։

«Կարծում եմ՝ այս բանաձևի ընդունումը և այն էլ՝ նման կարևոր միջազգային խաղացողի կողմից, կօգնի եզդիների խնդրի լուծմանը»,- նկատեց Մուրազին՝ արձանագրելով, որ դա «եզդիական պայքարին աջակցող գործիք է»:

Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևի համատեքստում Բորիս Մուրազին անդրադարձավ Հայաստանի Ազգային Ժողովի օրակարգ մտած՝ եզդիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության նախագծին, որի մշակմանն անձամբ է մասնակցել և քննարկել բոլոր համահեղինակների, այդ թվում՝ ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ:

«Այս պահին նախագիծը բավական տարբերվում է նախնական տարբերակից, ինչը ցավալի է, քանի որ ԱԺ մեծամասնությունը դեմ էր, որպեսզի հիշատակվի անգամ ահաբեկչական ԴԱԻՇ-ի անունը, ուստի այն հանվեց»,- ասաց Մուրազին՝ նշելով, որ դատելով զարգացումներից և քննարկումներից՝ նախագիծը կարող է այդպես էլ քվերակության չդրվել: Իսկ նախագծի տեքստում ԴԱԻՇ-ին հիշատակելու դժկամությունը պատճառաբանվում է Հայաստանն ու Մերձավոր Արևելքի հայկական համայնքը չթիրախավորելու մղումով, ինչը, Մուրազիի խոսքով, «անհասկանալի է», քանի որ առանց այդ հայտարարության ընդունման «ԴԱԻՇ-ը, որտեղ ձեռքը հասնում է, հայերի է սպանում կամ պղծում է հայկական սրբությունները»:

«Սա ցավով եմ ասում, քանի որ ես կարծում եմ, որ Հայաստանը՝ որպես ցեղասպանության հետևանքները կրող պետություն, պետք է ինքը բարձրացներ խնդիրը»,- եզրափակեց «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահը։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել