Նեթանյահուի այցը Բաքու՝ նոր դավադրություն տարածաշրջանում․ Թեհրանի արձագանքը

Յոթ ժամը, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անցկացնելու է Ադրբեջանում, հարուցում է հարևան երկրի՝ Իրանի ցասումը․ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ Բաքու այսօրվա կարճատև այցի մասին գրում է իսրայելական Jerusalem Post-ը։

Կայքը տեղեկացնում է, որ Բաքվում Նեթանյահուն հանդիպում է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որին հետևելու է հանդիպում տեղի հրեական համայնքի հետ։ Բաքվից Իսրայելի վարչապետը ուղևորվելու է Ղազախստան։

«Իսրայելը Ադրբեջանի հետ ունի ամուր հարաբերություններ տնտեսական և անվտանգության ոլորտներում՝ իր նավթի ավելի քան մեկ քառորդը գնելով այդ երկրից։ Իսրայելը նաև Ադրբեջանի զենքի ամենամեծ մատակարարներից է»,- գրում է Jerusalem Post-ը՝ նշելով, որ գտնվելով Իրանի «շեմին»՝ Ադրբեջանը ռազմավարական մեծ նշանակություն ունի Իսրայելի համար, մի բան, որն անշուշտ «աննկատ չի մնացել Թեհրանում»։

JPost-ը նշում է, որ սա Իսրայելի վարչապետի պաշտոնում Նեթանյահուի երկրորդ այցն է Բաքու։ Վարչապետության առաջին ժամկետում՝ 1997թ․, նա շատ կարճ ժամանակահատվածով այցելել էր Բաքու, որտեղ նրան դիմավորել էր Հեյդար Ալիևը։

Այդ ժամանակից ի վեր տեղի են ունեցել մի շարք բարձր մակարդակի այցեր Իսրայելից Ադրբեջան, այդ թվում՝ Իսրայելի արտաքին գործերի նախարարի պաշտոնում Ավիգդոր Լիբերմանի երեք այց, 2009թ․ նախագահ Շիմոն Պերեսի մեկ այց և 2014թ․ այն ժամանակվա Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնի մեկ այց։

2012թ․ Բաքու կատարած այցից հետո Լիբերմանը հայտարարել էր, որ «Ադրբեջանը Իսրայելի համար ավելի կարևոր է, քան Ֆրանսիան»։

Wikileaks-ի հրապարակած՝ 2009թ․ Բաքվում ԱՄՆ դեսպանության հաղորդագրություններից մեկի համաձայն՝ Իլհամ Ալիևը ադրբեջանա-իսրայելական երկկողմ հարաբերությունները բնորոշել էր որպես «սառցալեռ, որի ինը տասերորդ մասը գտնվում է մակերեսի տակ»։

«Իսրայելի հարաբերություններն Ադրբեջանի հետ ամուր հիմնված են պրագմատիզմի և առաջնահերթությունների խոր գնահատման վրա։ Իսրայելի հիմնական նպատակը Ադրբեջանին՝ որպես Իրանի դեմ դաշնակցի պահպանելն է»,- ասված էր փաստաթղթում։ Հեղինակը նշում էր, որ երկու երկրների համար Իրանը «գոյութենական վտանգ» է ներկայացնում։

Իսրայելական պարբերականը նաև մեջբերում է Ադրբեջանի առաջատար՝ Yeni Musavat թերթը, որը երեկ, անդրադառնալով ռազմավարական կարևորության երկկողմ հարաբերություններին, գրել էր, որ Իսրայելն ու Ադրբեջանը համաձայնության են եկել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության շուրջ, որոնք «բավական հաջող էին» Ղարաբաղում ապրիլյան բախումներում։

Ադրբեջանական թերթը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրել է, որ Իսրայելը մտադիր է Ադրբեջանին վաճառել «Երկաթե գմբեթ» տակտիկական հակահրթիռային պաշտպանության համակարգ:

Հաղորդվում է, որ Նեթանյահուի այցի ընթացքում քննարկվելու է նաև Պաղեստինի հարցը։

Նեթանյահուի այցը՝ «նոր դավադրություն»

Իրանի խորհրդարանի նախագահի ավագ խորհրդական Հոսեյն Ամիր Աբդոլահիանը խիստ դատապարտել է Իսրայելի վարչապետի առաջիկա այցը Բաքու՝ նրան մեղադրելով «դավադրություններ նյութելու փորձի» և «սադրիչ հայտարարություններ» անելու մեջ։

«Նեթանյահուի առաջիկա այցը Բաքու պետք է դիտարկվի որպես նոր դավադրություն տարածաշրջանում»,- Fars News գործակալության փոխանցմամբ՝ Telegram-ի իր էջում գրել է պաշտոնյան։ Նա նշել է, որ այցի նախաշեմին Իսրայելի վարչապետի հայտարարությունները սադրիչ են և միտված են Կենտրոնական Ասիայում և Կովկասում թշնամանքի հրահրմանը։

«Թեհրանը լիակատար աջակցում է Պաղեստինի ժողովրդին և նրանց պայքարին»,- շեշտել է Աբդոլահիանը։

Իսրայելը Ադրբեջանին արդի սարքավորումներ և անվտանգության կատարելագործված համակարգեր կմատակարարի․ Մոսադ

Օրերս Իսրայելի հետախուզության ծառայության՝ Մոսադի ղեկավար Յոսի Քոենը իսրայելական breakingisraelnews.net-ի հետ զրույցում հայտարարել է, որ Իսրայելի վարչապետի այցի ընթացքում կնքվելու է համաձայնագիր անվտանգության ոլորտում համագործակցության խորացման վերաբերյալ։ Ստորագրվելիք փաստաթղթով երկու կողմերը պարտավորվում են խորացնել անվտանգության ընդհանուր սպառնալիքների դեմ բազմակողմանի համագործակցությունը, բացի այդ, Իսրայելը պարտավորվում է Ադրբեջանին մատակարարել տեխնիկական արդի սարքավորումներ և կատարելագործված անվտանգության համակարգեր։

Լուսանկարում՝ Ադրբեջանի և Իսրայելի նախագահներ Իլհամ Ալիև և Շիմոն Պերես:

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել