«Չի կարելի պետական հիմնական գործառույթը դնել քաղաքացու վրա։ Սա պետության և կառավարության սուրբ պարտականությունն է։ Պետությունը մենաշնորհային պարտավորություն ունի ապահովել զինվորի կյանքը, անվտանգությունը, առողջությունը»․ Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին։ Խորհրդարանում այսօր քննարկվում էր «1000 դրամների օրենք» անունը ստացած օրինագիծը՝ ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերում լրացումներ և փոփոխություններ իրականացնելու մասին նախագծերի փաթեթը։
Արամ Մանուկյանը մտահոգություն հայտնեց, որ երկրորդ ընթերցմամբ ներկայացված օրենքում պարտադիր նորմի վերաբերյալ փոփոխություն չի իրականացվել, և պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի դիտարկմանը, թե «հազար դրամով ժողովուրդը իր վերաբերմունքն ու գնահատականն է ցույց տալիս իր զինվորին», Մանուկյանն ասաց․
«Քաղաքացուն թույլ տվեք կամավոր արտահայտի իր վերաբերմունքը, դուք պարտադրանք եք դնում, ու դա ներկայացնում եք, որպես վերաբերմունք։ Սա կոնցեպտուալ սխալ է։ Մարդուն չեն հերոսացնում կամ հերոսին չեն հարգում պարտադրանքով։ Եթե գալիս է մի վիճակ, որն անսպասելի էր և սուր, ապա քաղաքացին կամավոր է մասնակցում պետության գործառույթին, ինչն արվեց ապրիլին և ինչն անում ենք 28 տարի, և դա անում ենք հաճախ ավելի լավ, քան պետությունն ու կառավարությունը»,- ասաց Մանուկյանը։
Պաշտպանության նախարար և նախագծի հիմնական զեկուցող Վիգեն Սարգսյանը, խոսելով գումարների հավաքագրման կամավոր սկզբունքի մասին, ասաց, որ թե՛ այս և թե՛ նախորդ քննարկումների ժամանակ շատ է խոսվել գումարների հավաքագրման նկատմամբ անվստահության մասին և որպես օրինակ է բերվել «Մարտիկ» հիմնադրամի գործունեության մասին հարցը։ Վիգեն Սարգսյան ասաց, որ անձամբ ուսումնասիրել է հիմնադրամի հրապարակած տարեկան հաշվետվությունները։ «Մանրամասն ուսումնասիրել եմ և պետք է ձեզ ասեմ, որ պատկերը բավական մտահոգիչ էր, քանի որ երկար տարիների ընթացքում այդ հիմնադրամի նվիրատվությունների թիվը որևէ տարում չի գերազանցել 7000-ը, իսկ նվիրատուների գերակշիռ մասը եղել են զինծառայողներ և նրանց ընտանիքի անդամներ։ Բոլոր տարիներին հավաքագրված գումարները եղել է 1,2 միլիոն դոլար, և բոլոր այդ գումարները անձեռնամխելի դրված են բանկերում՝ հիմնադրամի հաշիվներին, և որևէ կոպեկ այդ մայր գումարից չի ծախսվել, ինչը և նախատեսված է «Մարտիկ» հիմնադրամի կանոնադրությամբ»։
«Մարտիկ» հիմնադրամի մասին ՍիվիլՆեթի պատրաստած տեսանյութը՝ ստորև․