Հարվարդում քննարկել են Հայաստանի 2017թ․ ընտրությունները

Հարվարդի համալսարանում քննարկել են 2017թ․ ապրիլին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները, Սփյուռքի դերը, հաղորդում է The Armenian Weely-ն։

Դեկտեմբերի 3-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում՝ Հարվարդի համալսարանում, Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցիացիան (National Association for Armenian Studies and Research – NAASR) կազմակերպել է քննարկում «2017թ․ ապրիլի Հայաստանի խորհրդարանական ընտրությունները։ Ինչպե՞ս կարող է Սփյուռքը ներգրավվել Հայաստանի ժողովրդավարական զարգացումներում» խորագրով համաժողով։ NAASR-ը գլոբալ կենտրոն է, որը հայագիտական ուսումնասիրություններ իրականացնող գիտնականներին կապում է հանրության հետ։ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հետ համատեղ, այն ամբողջ աշխարհի հայերի համար հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ պարբերաբար ֆորումներ է կազմակերպում։

Դեկտեմբերի 3-ի քննարկման նպատակն է եղել բացատրել Հայաստանում սահմանադրական փոփոխությունների գործընթացը և ուսումնասիրել Սփյուռքի դերը երկրի քաղաքական էվոլյուցիայի մեջ։

Պրոֆեսոր Միգել Բասանեսը (Miguel Basanez) խոսել է Մեքսիկայում ընտրակեղծարարության, երկրի ժողովրդավարական զարգացման վրա դրա ունեցած ազդեցության մասին։ Նա կարևորել է հանրային կարծիքի հարցումները՝ շեշտը դնելով պատասխանների ճշմարտացիության բարելավման ձևերի վրա։ Պրոֆեսոր Բասանեսը կարևոր դեր է խաղացել Մեքսիկայի ժողովրդավարությանը նպաստող ընտրական գործընթացների բարելավման գործում։ Երկրում 71 տարիների միակուսակցական գերիշխանությունից հետո Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցությունը (Institutional Revolutionary Party) պարտություն կրեց 2000թ․ ընտրություններում :

Ցանկացած ժողովրդավարության հիմքում ընկած են ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները։ Ըստ Հայաստանում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի իրականաց8ած «Կովկասյան բարոմետր» հարցման, Հայաստանում հարցվածների շուրջ 84 տոկոսը պատասխանել է, որ քաղաքացիների՝ ընտրություններին մասնակցությունը կարևոր է։

Վերջին 20 տարիների ընթացքում զգալի է նոր միտումը ավտորիտար և կիսաավտորիտար երկրների կողմից իրենց իշխանանությունը ընտրությունների միջոցով լեգիտիմացնելը։ Ընտրությունները ժողովրդավարական և ավտորիտար պետությունների մեծամասնություններում իրականացվում են միաձև։ Սակայն կեղծված ընտրությունները ի հայտ են եկել որպես զուգահեռ միտում: Ընտրակեղծիքները քայքայում են կառավարության և ժողովրդի միջև հիմնական վստահությունը. ըստ «Կովկասյան բարոմետրի», Հայաստանում հարցվածների միայն 5 տոկոսն է համաձայնել այն պնդման հետ, որ «մարդկանց մեծ մասին կարելի է վստահել», իսկ 30 տոկոսը կարծում է, որ «զգուշությունը երբեք ավելորդ չէ»։ Վրաստանի դեպքում թվերը մի փոքր ավելի լավ են եղել։

Ինչն ավելի կարևոր է, ընտրակեղծիքները և վստահության կորուստը կարող են անկայունության և բռնության հանգեցնող հզոր գործոններ լինել, ինչպես տեղի ունեցավ այս տարվա ամռանը Երևանում։ 2015թ․ հարցվածների ընդամենը 35 տոկոսն էր կարծում, որ ժողովրդավարությունը նախընտրելի է ցանկացած այլ կառավարման ձևից, ինչը 2011թ․ 57 տոկոսի համեմատ զգալի անկում է։ Մեկ այլ նշանակալի տեղաշարժ է այն, որ մարդկանց թիվը, ովքեր համաձայն են, որ ժողովուրդը պետք է մասնակցի իշխանությունների դեմ բողոքի ակցիաներին, 2011թ․ 26 տոկոսից աճել է 46 տոկոսի 2015թ․։ Հարցին, թե արդյոք արդա՞ր են անցկացվել Հայաստանի վերջին ընտրությունները, միայն 6 տոկոսն է պատասխանել այո՝ Վրաստանի 37 տոկոսի համեմատ։

Սթոնհիլ Քոլեջի (Stonehill College) համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Աննա Օհանյանը, որը վարել է քննարկումը, ընդգծել է, որ նույնիսկ դիտորդների առկայության դեպքում ոչ մի երաշխիք չկա, որ ընտրությունները զերծ կլինեն կեղծարարություններից։ Քննարկման մասնակիցներն ընդգծել են, որ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների նպատակը մշտական մարտահրավեր է, որին հասնելու համար ժամանակ է պետք։

Քննարկմանը մասնակցել է նաև Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը։ Նա ասել է, որ ընտրությունները Սփյուռքին Հայաստանի ժողովրդավարական զարգացման գործընթացում ներգրավելու մեծ մարտահրավերի մի մասն է ընդամենը։ Սփյուռքը և Հայաստանը փոխադարձաբար ժողովրդավարական կառույցները զարգացնելու ներուժ ունեն, ինչը անհրաժեշտ է Հայաստանին առաջ մղելու համար։

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը Սփյուռքից կամավորների է հրավիրում՝ միանալու Հայաստանի կամավորներին և լինելու դիտորդներ 2017թ. ապրիլի 2-ին տեղի ունեցող խորհրդարանական ընտրություններին։ Նախաձեռնության նպատակն է վերահսկողություն իրականացնել քվեարկության գործընթացի վրա և կանխել ընտրախախտումները և խարդախությունները։

Մեկնաբանել