Ադրբեջանը Իսրայելից գնել է ընդհանուր առմամբ 5 մլրդ դոլարի զենք․ Ալիև

Իսրայելն ու Ադրբեջանը ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության տարիներին կնքել են մոտ 5 մլրդ դոլարի գործարք, որոնց մեծ մասն արդեն իրագործված է․ երեկ Բաքվում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ադրբեջանական և իսրայելական ընկերությունների միջև կնքված՝ պաշտպանական սպառազինությունների ձեռքբերման հետ կապված գործարքների արժեքը կազմում է մոտ 5 մլրդ, իսկ ավելի ստույգ՝ 4 մլրդ 850 մլն դոլար։ Այդ գործարքների մեծ մասն իրագործված է։ Մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ և շատ գոհ ենք համագործակցության մակարդակից»,- ասել է Ալիևը։

Նեթանյահուն իր հերթին խոսել է էներգետիկ ոլորտում սերտ կապերի մասին։

«Հասկանալի է, որ այսօր մենք խոսում ենք ոչ միայն նավթի վաճառքի մասին, որն Ադրբեջանը մատակարարում է Իսրայելին և որը մեր երկրի նավթի ներկրկման լուրջ մաս է կազմում, այլև մեր համատեղ ձեռնարկությունները բնական գազի արտահանման համար օգտագործելու մասին։ Մենք այստեղ խոսում ենք Իսրայելի գազի ներկրումը Ադրբեջանից Թուրքիա մեծ խողովակաշարին միացնելու մասին, որի շինարարությունը շարունակվում է։ Այդ ուղղությունը, անկասկած, կարող է ուժեղացնել մեր երկու երկրների տնտեսությունը։ Կարծում եմ՝ դա մեծ արժանիք կլինի»,- ասել է Իսրայելի վարչապետը։

Նրա համոզմամբ՝ Ադրբեջանն ու Իսրայելը «միասին կարող են հրաշքներ գործել գյուղատնտեսության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների և ցանկացած այլ ոլորտում»։

***

Դեկտեմբերի 13-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի մեկօրյա այցով Ադրբեջանում էր։ Բաքու հասնելուն պես Նեթանյահուն գրառում է արել Թվիթերում՝ նշելով, որ Բաքվում է Ադրբեջանի հետ հարաբերությունները անվտանգության, քաղաքական և տնտեսական ոլորտներում ամրապնդելու նպատակով։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Նեթանյահուն ասել է, որ Իսրայելի և Ադրբեջանի միջև «գերազանց հարաբերություններ են և երկարամյա բարեկամություն»։ Նեթանյահուի և Ալիևի առանձնազրույցից հետո տեղի է ունեցել մի շարք փաստաթղթերի ստորագրում։

Ավելին՝ Նեթանյահուի այցը Բաքու՝ նոր դավադրություն տարածաշրջանում․ Թեհրանի արձագանքը։

Մեկնաբանել