Կարեն Կարապետյանը կարող է երկրում բան փոխել, պատրաստ եմ օգնել․ Վարդան Օսկանյան

Հայաստանի նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը պատրաստ է աջակցել վարչապետ Կարեն Կարապետյանին։

«Ազատության» հետ զրույցում Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ երբ արտգործնախարար էր, աշխատել է Կարեն Կարապետյանի հետ, ով այդ ժամանակ «ՀայՌուսգազարդի» ղեկավարն էր։

«Մենք միասին ուղևորություններ ենք ունեցել։ Ես գիտեմ, որ ինքը կարող է երկրում բան փոխել, և ես ուզում եմ, որ ինքը հաջողի, քանի որ իր հաջողությունը ի վերջո մեր բոլորի հաջողությունն է։ Ես նաև նախկինում եմ ասել՝ եթե որևէ բանով կարող եմ օգտակար լինել անձնապես իրեն, ես պատրաստ եմ դա անել»,- ասել է Օսկանյանը։

Օսկանյանն ասել է՝ ուզում է, որ վարչապետը հաջողի, սակայն չի տեսնում դրա նախադրյալները՝ ելնելով կառավարության ծրագրից և բյուջեից։ Նա նշել է, որ շատ բան կախված կլինի, թե Կարապետյանը հաջողություն կունենա մինչև ընտրությունները, թե ոչ․ «Ժողովուրդը դրանով է դատելու։ Կարեն Կարապետյանը դրական գործոն կլինի Հանրապետական կուսակցության համար, թե բացասական, դա արդեն ցույց կտա այս ամիսների աշխատանքը»։

Գազի, էլեկտրաէներգիայի գների իջեցումը Օսկանյանը կոսմետիկ քայլեր է համարում․ «Դրանք կոսմետիկ քայլեր են, եթե այդ քայլերը չեն բերում տնտեսական աճի, ժողովրդի կենսամակարդակի բարձրացման, աղքատության նվազեցման, եթե ժողովուրդը իր առօրյայում, իր սառնարանում տարբերություն չի զգում, իր գրպանի վրա չի զգում այդ էական տարբերությունները, ապա գազի և էլեկտրաէներգիայի գնի նվազեցումը շատ արագ կոմպենսացվում է ինֆլյացիոն երևույթներով, և դա ժամանակավոր է լինելու»։

Օսկանյանը նշել է, որ կառավարության գործունեության արդյունավետությունը ժողովուրդը պետք է զգա իր մաշկի վրա, և վարչապետի «գործունեությունից և արդյունքներից շատ բան կախված է լինելու, թե նրա ներկայությունը ՀՀԿ-ում կլինի դրական, թե ոչ այնքան»։

Խոսելով տնտեսության մասին՝ Վարդան Օսկանյանն ընդգծել է տնտեսական աճի կարևորությունը, և նշել, որ դրան հասնելու համար պետք է հենվել ոչ միայն առկա, տեսանելի ռեսուրսների վրա, այլև ոչ տեսանելի, թաքնված, պոտենցիալ ռեսուրսների վրա։ Այդ ռեսուրսները, ըստ նրա, կան․

«Ես ուղղակի համոզված եմ, որ հնարավոր է ամենակարճ ժամկետում ճիշտ ծրագրի, ճիշտ բարեփոխումների դեպքում մինչև մի քանի միլիարդ դոլար բերել, ներդնել Հայաստանի տնտեսության մեջ, որը և մեծ խթան կարող է լինել եկող ամիսներին և տարիներին մեր տնտեսության համար»։

Օսկանյանը թվարկել է ոչ տեսանելի ներդրումային ռեսուրսները․ ԱՄՆ «Հազարամայակի մարտահարվերներ» ծրագիրը, որը մինչև 400 միլիոն դոլար կարող է հատկացնել Հայաստանին։ «Եվրամիության հետ եթե ճիշտ երկկողմ պայմանագիր կարողանանք ստորագրել, դոնորների կոնֆերսանս անցկացնել՝ հինգ տարվա համար մինչև 1 միլիարդ դոլար; Քըրք Քրքորյանի կտակը, ու թերևս ոչինչ չի արվում այդ ուղղությամբ։ Հնարավոր է աշխատել այդ ուղղությամբ, որ դա դառնա հիմնադրամ և օգտագործվի նաև Հայաստանի տնեսական զարգացման վրա։ Մեր ներքին գումարները, Սփյուռքի ներքին գումարները, ներդրումները, առհասարակ ներդրումները»,- ասել է Օսկանյանը։

«Ես ավելի հեռուն կարող եմ գնալ։ Չինաստանը վերջերս Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի համար ներդրումների հատուկ՝ 15 միլիարդ դոլարի հիմնադրամ է ստեղծել, որը Մետաքսի ճանապարհի զարգացման համար է։ Հայաստանը եղել է այդ Մետաքսի ճանապարհի վրա։ Պետք է նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան, գնա Չինաստան, սկսի բանակցությունները, և այդ հիմնադրամից կարելի է որոշ գումարներ բերել նաև Հայաստանի տնտեսություն»։

Նախկին արտգործնախարարն ընդգծել է, որ ներդրումներ բերելու համար առաջին հերթին անհրաժեշտ է երկրի ներսում շատ արագ խորքային բարեփոխումներ իրականացնել։

Վարդան Օսկանյանը խոսել է նաև 2017-ի ընտրություններից առաջ քաղաքական հնարավոր դաշինքների և այլ հարցերի մասին։

Մեկնաբանել