Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ռուսաստանյան Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ «Իսլամական պետության» կողմից Պալմիրայի գրավումը «պատասխան էր կառավարական զորքերի կողմից Հալեպում առաջխաղացմանը»։
Ասադի խոսքով՝ զինյալները ցանկանում են «շեղել սիրիական բանակի ուշադրությունը Հալեպից և այն ուղղել դեպի Պալմիրա»։
Սիրիայի նախագահը նշել է, որ Արևմուտքը «չի նկատում ծայրահեղականների կողմից Հալեպում խաղաղ բնակչության դեմ վայրագությունները և նրանց հարձակումը Պալմիրայի վրա, այլ մտահոգված է միայն սիրիական բանակի հաջողություններով»։
Դեկտեմբերի 13-ին հայտնի է դարձել, որ Հալեպն անցել է սիրիական բանակի վերահսկողության տակ։ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել էր, որ սիրիացի ընդդիմադիրները համաձայնել են դուրս գալ արևելյան Հալեպից։ Համաձայնության մասին, BBC-ի հաղորդմամբ, հայտարարել են նաև վերջիններս։
Մարդասիրական աղետ՝ Հալեպում
Դեկտեմբերի 7-ին վեց երկրների՝ ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի առաջնորդները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով դադարեցնել կրակը Հալեպում, Ռուսաստանին և Իրանին դատապարտելով Բաշար Ասադի ուժերին աջակցելու մեջ։
«Մեր աչքի առաջ տեղի է ունենում մարդասիրական աղետ։ Մոտ 200 հազ․ խաղաղ բնակիչ, այդ թվում՝ բազմաթիվ երեխաներ, արևելյան Հալեպում զրկված են սննդից և դեղորայքից։ Հալեպն ամեն օր ենթարկվում է սիրիական վարչակարգի՝ Ռուսաստանի և Իրանի աջակցությամբ իրականացվող ավիահարվածներին և հրետանային հարվածներին»,- ասված էր համատեղ հայտարարությունում։
Արևմտյան պետություններն ու միջազգային կազմակերպությունները սիրիական կառավարական ուժերին մեղադրում են Հալեպում քաղաքացիական բնակչության նկատմամբ վայրագություններ իրականացնելու մեջ։ Երեկ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցիչ Ռուպերտ Քոլվիլը հայտարարել էր, որ «Ասադի կողմից կռվող ուժերն ու նրանց միացած իրաքցի ընդդիմադիրները ներխուժում են տներ՝ սպանելով խաղաղ բնակիչներին»։
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնացի հատուկ խորհրդական Յան Էգելանը Թվիթերի իր էջում գրել է, որ «Ռուսաստանն ու սիրիական կառավարությունը պատասխանատվություն են կրում բոլոր վայրագությունների համար, որոնք կատարվում են Հալեպում»։
The Gov’ts of Syria & Russia are accountable for any and all atrocities that the victorious militias in Aleppo are now committing!
— Jan Egeland (@NRC_Egeland) December 12, 2016
Էգելանի հայտարարությանը հակադարձել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ասելով, թե, «ըստ ամենայնի, խոհրդականը չի տիրապետում Հալեպում կատարվողի մասին ամբողջ տեղեկատվությանը, հակառակ դեպքում ուշադրություն կդարձներ այն վայրագություններին, որոնք գործում են ահաբեկչական խմբավորումները»։
Սիրիայում ընթացող գործընթացների շուրջ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է արաբագետ Արաքս Փաշայանի հետ: