Դատապարտել եզդիների ցեղասպանությունը․ Սախարովի մրցանակի արժանացած եզդի ակտիվիստուհի

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից մազապուրծ եղած եզդի ակտիվիստուհիներ Նադիա Մուրադն ու Լամիյա Աջի Բաշարը դեկտեմբերի 13-ին ստացել են Եվրախորհրդարանի սահմանած Սախարովի անվան մտքի ազատության մրցանակը։

Ինչպես ասված է Եվրախորհրդարանի հաղորդագրության մեջ, կանայք պարգևատրվել են հետապնդումների ենթարկվող եզդիական համայնքի կողքին կանգնելու և ԻՊ-ի բռնությունների մասին բարձրաձայնելու համար։

«Ավելի քան 3,5 հազ․ երեխա և կին շարունակում են մնալ ԴԱԻՇ-ի [«Իսլամական պետություն»] ստրկության տակ։ Ամեն օր նրանք հազար անգամ մահանում են»,- իր ելույթում ասել է Աջի Բաշարը։ Նա պատմել է ահաբեկիչների կողմից չորս անգամ վաճառվելու, խեղվելու և ի վերջո փախուստի դիմելու մասին։

«Ես հավատում եմ, որ կարող եմ լինել զոհերի ձայնը։ Սախարովի անվան մրցանակը ինձ մեծ ուժ է տալիս»,- ասել է եզդի ակտիվիստուհին։

Նադիա Մուրադն իր հերթին պատմել է, թե ինչպես էին ծայրահեղականները մարդկանց մեկ ընտրություն թողնում՝ մահ կամ իսլամի ընդունում։

«Կասկած չկա, որ ԴԱԻՇ-ը զանգվածային ցեղասպանություն է գործել։ Ցեղասպանություն են գործել՝ ոչ միայն սպանելով մարդկանց, այլև ստրկացնելով կանանց և խլելով երեխաներին»,- ասել է Նադիա Մուրադը՝ կոչ անելով միջազգայնորեն դատապարտել եզդիների դեմ ոճիրը։

«Մենք Եվրոպան դիտարկում ենք որպես մարդասիրության խորհրդանիշ, և Եվրոպան իսկապես ապացուցում է դա այսօր։ Եվրոպան պետք է շարունակի մնալ մոդել աշխարհի համար՝ ժողովուրդների ու մշակույթների համակեցության մոդել»,- ասել է Մուրադը։

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ Միջազգային քրեական դատարանը պետք է քննի ԻՊ-ի հանցանքները և նշել, որ Եվրոպան հետապնդումների ենթարկվող մարդկանց պաշտպանելու պարտավորություն ունի։

«Մենք՝ աշխարհի ավելի բարեկեցիկ հատվածներում ապրող ժողովրդավարական հասարակություններս, երբեմն հրաժարվում ենք պաշտպանել այս մարդկանց․․․Սա ամոթալի է։ Սա անտանելի է»,- նշել է Շուլցը։

Սախարովի անվան մտքի ազատության մրցանակը, որն անվանվել ի պատիվ ռուս գիտնական, այլախոհ և իրավապաշտպան Անդրեյ Սախարովի, հիմնվել է 1988 թ. դեկտեմբերին Եվրոպական խորհրդարանի կողմից՝ պատվելու այն անհատներին և խմբերին, որոնք նվիրվել են մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը։

Ֆրանսիայի Սենատը ճանաչեց եզդիների ցեղասպանությունը

Դեկտեմբերի 11-ին ԴԱԻՇ [«Իսլամական պետություն»] ահաբեկչական կազմակերպության կողմից Իրաքում և Սիրիայում եզդիների ցեղասպանության հարցով բանաձև էր ընդունել Ֆրանսիայի Սենատը: Բանաձևը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը պաշտոնապես ճանաչել եզդիների նկատմամբ ԴԱԻՇ-ի գործած ցեղասպանությունը։

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2014-2015թթ․, Իրաքում ԻՊ-ի բռնությունների արդյունքում սպանվել է 18,802 մարդ, վիրավորվել՝ մոտ 37 հազարը։ Միլիոնավոր մարդիկ տեղահանվել են, հազարավոր մարդիկ պահվում են ստրկության մեջ։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել