Պետդուման վավերացրել է ՀՕՊ միավորված համակարգի համաձայնագիրը

Ռուսաստանի Պետդուման վավերացրել է Հայաստանի հետ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միավորված համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը։

Համաձայնագիրը ստորագրվել էր Մոսկվայում 2015թ․ դեկտեմբերի 23-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից։

Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել հակաօդային պաշտպանության տարածաշրջանային միացյալ համակարգ որպես ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համարագի բաղկացուցիչ մաս,- ասված է օրինագծի պարզաբանող փաստաթղթերում։

Հայաստանի խորհրդարանը համաձայնագիրը վավերացրել էր այս տարվա  հունիսի 30-ին։ 

Համաձայնագիրը վավերացվել էր ձայների 101 կողմ, 8 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Դեմ էին քվեարկել պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունները։

Համաձայնագրի մասին 

ՌԴ-ի և Հայաստանի միջև հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել էին 2015թ․ դեկտեմբերի 23-ին։ 

Փաստաթուղթը բուռն քննարկումներ էր առաջացրել քաղաքական և քաղաքացիական որոշ շրջանակներում։ Մտավախություններ կան, որ ՀԱՊԿ ՀՕՊ համակարգում ընդգրկվելու դեպքում, որտեղ առաջնային դերակատարություն ունի Ռուսաստանը, Հայաստանը իր ՀՕՊ սովերենությունը զիջում է ռազմավարական դաշնակցին:

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի խոսքով՝ միավորված հակաօդային պաշտպանության համակարգի ձևավորումը Հայաստանին չի զրկում հակաօդային պաշտպանության սեփական միջոցները կառավարելու ինքնուրույնությունից:

Ազգային ժողովում համաձայնագրի քննարկմանը նա նշել էր, որ համաձայնագիրը Հայաստանին հնարավորություն կտա օգտագործել Ռուսաստանի հակաօդային միջոցները ևս։

ՀՀ պաշտպանության նախարարությունը ՀԱՊԿ հակաօդային պաշտպանության համակարգի մասին ավելի վաղ ներկայացրել էր պարզաբանում, որն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։