«Սպայկան» Հյուսիսային Օսիայում 3,5 մլրդ ռուբլիի ներդրում կանի

«Սպայկա» հայաստանյան ընկերությունը մտադիր է 3,5 մլրդ ռուբլի ներդնել Հյուսիսային Օսիայում խնձորի այգիների աճեցման և պահեստարանի շինարարության վրա։ 

«Մենք արդեն ունենք ջերմոցային արտադրության լավ փորձ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի շրջաններում։ Գերժամանակակից սառեցման համակարգը՝ ջերմակարգավորվող խցիկներով, կօգնի մեզ սովորականից երկար պահպանել պտուղները։Մենք առնվազն կապահովենք 300 մշտական աշխատատեղ, իսկ բերքահավաքի շրջանում լրացուցիչ կգրավենք 700 մարդ։ 3,5 մլդր ռուբլի արժողությամբ նախագիծը հաջող է  և դրա ազդեցությունը բազմապատկվող է»,- TASS գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսային Օսիայի ղեկավար Վյաչեսլավ Բիտարովի հետ հանդիպմանը ասել է «Սպայկա» ՍՊԸ գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը։ 

Բիտարովը նախագիծն անվանել է գլոբալ և նշել է, որ այն հետաքրքիր է տարածաշրջանին։ Նա բիզնես գործընկերներին վստահեցրել է, որ ներդրողների աշխատանքի համար Հյուսիսային Օսիայում կստեղծվի բարենպաստ միջավայր։ 

«Բիզնեսը չի հանդուրժում, երբ հերթ են կանգնում պաշտոնյայից թուղթ ստանալու համար։ Ներդրողը կարող է ուրիշ տեղ գնալ։ Դրա համար, պատկերավոր ասած, պետք է «նրա ձեռքը բռնած ման գալ»»,- հանդիպմանն ասել է ՀՕ նախագահը՝ խնդիրների դեպքում հորդորելով դիմել վարչապետին, փոխվարչապետին, անգամ իրեն։ 

«Ես անձամբ ամեն կերպ կօգնեմ նրան, ով ցանկանում է գեթ մեկ ռուբլի ներդնել հանրապետության տնտեսության մեջ»,- խոստացել է Բիտարովը։ 

Հյուսիսային Օսիայի իշխանությունները հայաստանյան ընկերությանը նաև խոստացել են դիտարկել պետական աջակցության միջոցների տրամադրումը։ 

Նախագծով ինտենսիվ աճեցման տեխնոլոգիայով այգիների մակերեսը կկազմի 1200 հա։ Արդեն երկու տարուց մեկ հեկտարը կտա 50 տոննա բերք։ Նշվում է, որ նախագիծը Հյուսիսային Օսիային թույլ կտա ոչ միայն ընդլայնել հարկային բազան, այլև ստեղծել աշխատատեղեր։