Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարվել է աբայա կրել Սաուդյան Արաբիայում

Գերմանիայի պաշտպանության նախարար, տիկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հրաժարվել է աբայա կրել Սաուդյան Արաբիա պաշտոնական այցի ժամանակ։ Բրիտանական The Independent պարբերականը գրում է, որ տիկին Դեր Լեյենը պաշտոնական այցով Սաուդյան Արաբիա ժամանելով՝ հրաժարվել է հագնել ավանդական իսլամական աբայան՝ սև, ամբողջ մարմինը ծածկող զգեստը, որը բաց է թողնում միայն դեմքը։

Գերմանիայում իշխող Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամ, երկրի պատմության մեջ առաջին կին պաշտպանության նախարար տիկին Լեյենը Սաուդյան Արաբիայում հանդիպում էր թագաժառանգի փոխանորդ Մոհամմադ բեն Սալման ալ Սաուդին:

«Իհարկե, ես հարգում եմ երկրների ավանդույթները և ձգտում եմ համապատասխանել այդպիսի կանոնների: Բայց ինձ համար կան երկրին հարմարվելու սահմաններ։ Ես գլխաշոր չեմ կրում և շալվար եմ հագնում»,- ասել է տիկին Լեյենը։

«Իմ պատվիրակության անդամ որևէ կին պարտավոր չէ կրել աբայան։ Սեփական հագուստի ընտրությունը թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց հավասար իրավունքն է»։

Նրա քայլին անմիջապես հաջորդել է Անգելա Մերկելի կոչը՝ արգելել բուրկան։

Մայրաքաղաք Ռիյադում Գերմանիայի դեսպանատունը, ըստ տեղեկությունների, նրան և ուղեկցող պատվիրակությանն անցած չորեքշաբթի աբայաներ էր ուղարկել։

Մեկնաբանել