Վահան Արծրունու իրավունքների խատխման վերաբերյալ ՀԿ-ների հայտարարությունը

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունը հայտարարություն են տարածել երաժիշտ Վահան Արծրունուն Ազգային Անվտանգության ծառայությունից զանգահարելու և անօրինական հարցեր տալու մասին։

«Հայտնի երաժիշտ Վահան Արծրունին հայտարարել է, որ իրեն երկու օր առաջ զանգահարել է Գրիգոր անունով մեկը, ներկայանալով որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից, հրավիրել է զրույցի ԱԱԾ:

ԱԱԾ-ում մոտ 40 րոպե տևած զրույցի ընթացքում Վահան Արծրունուն տվել են այնպիսի հարցեր, որոնցով կամեցել են պարզել նրա քաղաքական դիրքորոշումը, մասնակցե՞լ է արդյոք հանրահավաքների և այլն: Հարցաքննությունը չի արձանագրվել, Վահան Արծրունուն չեն իրազեկվել նրա իրավունքները հրավերի և ոչ պաշտոնական հարցաքննության ընթացքում: ԱԱԾ-ում ունեցած զրույցից հետո երաժշտի ֆեյսբուքյան էջը ընկերների համար արգելափակվել է:

Տեղի ունեցածը մենք գնահատում ենք որպես ոչ միայն քաղաքացու ազատությունների և իրավունքների կոպիտ ոտնահարում, այլև անթաքույց ահաբեկում, ենթադրաբար, այն հաշվով, որ մարդիկ խուսափեն ազատորեն արտահայտել իրենց կարծիքը, ինքնագրաքննվեն, չմասնակցեն այն հավաքներին, որոնք անցանկալի են իշխանությունների համար, դադարեն քաղաքացի լինել և վերածվեն հարկատու կամակատարների:

ԱԱԾ-ն քաղաքացուն առանց ծանուցագրի հրավիրելով ոչ պաշտոնական հարցաքննության, կատարել է անօրինական գործողություն, ինչը պետք է իրավական և քաղաքական գնահատականների արժանանա հասարակական, քաղաքական ուժերի և ՀՀ գլխավոր դատախազության կողմից:

ՀՀ ԱԱԾ ղեկավար Գ.Կուտոյանից պահանջում ենք միջոցներ ձեռնարկել՝ կանխելու ԱԱԾ-ի կողմից «ՆԿՎԴ-ԿԳԲ»-ի գործելաոճը, թույլ չտալու համար քաղաքացիների նկատմամբ ապօրինություն, դադարեցնել քաղաքացիների ահաբեկման պրակտիկան, վարչական քննության ենթարկել Վահան Արծրունու հետ կապված այս միջադեպը և պատասխանատվության ենթարկել զանցառուներին:

ԱԱԾ պաշտոնյաները պետք է գործեն բացառապես ժողովրդավարական և իրավական պետության սկզբունքներին համապատասխան, հասկանան, որ ՀՀ ազգային անվտանգության հենքը ազատ քաղաքացիներն են և նրանցով ստեղծված իրավական պետությունը, և ոչ թե վերադաս իշխանությունը ու իրավազուրկ քաղաքացին: Ազգային անվտանգության հաստատման համար հարկավոր է քաղաքացուն պաշտպանել անօրեն իշխանությունից և ոչ թե անօրեն իշխանությանը՝ ազատ քաղաքացիներից»,- ասվում է հայտարարության մեջ:

Մեկնաբանել