Tesla, Uber, PepsiCo ընկերությունների տնօրենները՝ Թրամփի խորհրդատու

Ամերիկյան Tesla, Uber, PepsiCo ընկերությունների ղեկավարներ Էլոն Մասկը, Թրևիս Քալանիկը և Ինդրա Նույին համալրում են ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի տնտեսական խորհրդատվական խորհրդի կազմը, հաղորդում է Business Insider-ը։

Դեկտեմբերի սկզբին ստեղծված խորհրդի անդամները մատուցելու են տնտեսական խորհրդատվություն և հաճախ հանդիպելու են նախագահի հետ՝ իրենց հատուկ փորձն ու գիտելիքները կիսելու համար, քանի որ Թրամփը նախատեսում է իրագործել աշխատատեղեր վերստեղծելու և «Ամերիկան կրկին հզոր դարձնելու» նախագիծը։

Խորհուրդը գլխավորում է Blackstone ընկերության գործադիր տնօրեն Սթիվ Շվարցմենը։ Խորհրդի կազմի մեջ մտնում են ամերիկյան այլ խոշոր ընկերությունների ղեկավարներ՝ General Motors-ի, JPMorgan-ի, Disney-ի, Walmart -ի գործադիր տնօրենները։

Ամերիկյան տեխնոլոգիական հանրությունը նախընտրական փուլում դեմ էր Թրամփի թեկնածությանը՝ վերջինիս հակամիգրացիոն հռետորաբանությամբ պայմանավորված․ Սիլիկոնային հովիտը մեծապես հենվում է ներգաղթյալների աշխատուժի վրա։ Սակայն Թրամփի ցնցող հաղթանակից հետո ոլորտի ներկայացուցիչները Թրամփի հետ աշխատելու ուղիներ են փնտրում։

ԱՄՆ-ում նախագահական քարոզարշավի ժամանակ Էլոն Մասկը, որը նաև SpaceX ընկերության գործադիր տնօրենն է, սատարում էր Դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնին և քննադատում էր Թրամփին՝ ասելով, թե կարծում է՝ Թրամփը ճիշտ մարդը չէ նախագահի պաշտոնի համար։

Իր հերթին Uber-ի ղեկավարը հաճախ կատակում էր, որ Թրամփի հաղթանակի դեպքում կտեղափոխվի Չինաստան։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Դոնալդ Թրամփն առաջադրել է ExxonMobil նավթագազային կորպորացիայի ղեկավար Ռեքս Թիլերսոնի թեկնածությունը։

Մեկնաբանել