Թրամփը դադարեցնում է բիզնես նախագիծն Ադրբեջանում՝ «շահերի բախումից խուսափելու համար»

Ընդամենը մեկ օր անց այն բանից հետո, երբ Վաշինգտոնի Trump Tower-ում Ադրբեջանի դեսպանության հովանու ներքո նշվել է հրեական Հանուկա տոնը, ամերիկյան առաջատար լրատվամիջոցները, որոնց թվում՝ CNN-ն ու Bloomberg-ը, հաղորդում են, որ ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող The Trump Organization-ը հայտարարել է Ադրբեջանում և Բրազիլիայում բիզնես նախագծերը դադարեցնելու մասին։ Նպատակը հնարավոր շահերի բախումից խուսափելն է։

Կազմակերպության փոխտնօրեն Ալան Գարթենը հայտարարել է, որ «մաքրման աշխատանքներ» են տարվում, և կառույցը «գնահատում է տարբեր գործարքների ապագան»։

Ինքը՝ Թրամփը, խոստացել էր մամուլի ասուլիս հրավիրել և հայտարարել իր բիզնեսներից անջատվելու և դրանք ընտանիքին փոխանցելու մտադրության մասին, սակայն ասուլիսը հետաձգվել է մինչև հունվար։

Bloomberg-ը նշում է, որ ավելի քան 20 երկրներում Թրամփին պատկանող բիզնեսները, եթե մնան ընտանիքի վերահսկողության տակ, կարող են ազդեցություն ունենալ այդ երկրներում նախագահի քաղաքականության վրա և խնդիրների հանգեցնել։ Օրինակ, Բրազիլիայի դեպքում Թրամփի անունը հեռացվել է Ռիո դե Ժանեյրոյի ափամերձ հյուրանոցներից մեկից այն բանից հետո, երբ ներդրումների հարցով քրեական գործ էր հարուցվել։

«Սակայն քիչ վայրերում են Թրամփի գործընկերների և կառավարության միջև կապերն այնքան խոր և ուղիղ, որքան Ադրբեջանում»,- գրում է Bloomberg-ը՝ հավելելով, որ այստեղ մեծ է շահերի բախման հավանականությունը։

Պարբերականը հղում է անում Բաքվում Թրամփի բիզնես գործընկերոջը մոտ կանգնած աղբյուրի, որի տեղեկություններով՝ նախագծի երկու երրորդն ավարտված է, հյուրանոցը շուտով կբացվի։ Հաղորդվում է նաև, որ Թրամփը, ըստ հայտարարագրերի, շարունակում է գումարներ ստանալ գործարքից՝ մոտ 3 մլն դոլար 2014թ․ կեսից ի վեր, չնայած՝ Բաքվի նախագիծը հեռացվել է ընտրված նախագահի կայքից։

Bloomberg-ը շեշտում է, որ Ադրբեջանի դեպքում գլխավորը հարցը վերաբերում է Թրամփի գործընկերներին, որոնցից հիմնականը՝ ադրբեջանցի օլիգարխ, 35-ամյա Անար Մամադովը, Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամադովի որդին է։ Վերջինս էլ, իր հերթին, նախագահ Իլհամ Ալիևի մերձավորներից է։

«Նման գործընկերները, որոնք կապված են տարբեր երկրների քաղաքական վարչակարգերի հետ, ստեղծում են սերտ կապեր, որոնք կարող են շատ խնդրահարույց լինել, երբ նախագահը արտաքին քաղաքական որոշումներ ընդունի»,- ասել է Bloomberg-ի զրուցակից իրավաբան Ռիչարդ Փեյնթերը։

Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչն էլ կարծում է, որ ադրբեջանական կառավարությունն այդ բիզնես նախագիծը կարող է դիտարկել որպես առավելություն, որից կարելի է օգտվել և ազդեցություն ունենալ Թրամփի վարչակազմի վրա։

Ավելին՝ Թրամփի բիզնես շահերը Բաքվում։

Մեկնաբանել