Բրյուսելում քննարկվել է ՀՀ-ԵՄ համագործակցության ապագա համաձայնագիրը

Դեկտեմբերի 15-ին Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի 17-րդ նիստը: Հայկական կողմից նիստի համանախագահներն էին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, եվրոպական կողմից` Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դեվինյեն:

Նիստի ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության ապագա համաձայնագրին, ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերություններին և տնտեսական զարգացումներին առնչվող հարցեր:

Օրակարգում ներառված էին նաև արդարադատության, ազատության, անվտանգության, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում համագործակցության, բազմակողմ համագործակցության ձևաչափի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ հարցեր:

Նիստի ընթացքում քննարկվել է նաև նոր Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության համատեքստում ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը:

Մեկնաբանել