Բաքուն Մոսկվայից ակնկալում է իր դեմ «Իսկանդեր»-ների չկիրառման երաշխիք․ «Նեզավիսիմայա գազետա»

Այսօր Բաքվում անցկացվում է տնտեսական համագործակցության հարցերով ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվում է ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունը։ Ռուսաստանյան պատվիրակությունը գլխավորում է փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, որը Բաքու է ժամանել երեկ երեկոյան։

Ֆեյսբուքում Ռոգոզինը հրապարակել է լուսանկարներ Բաքվից՝ տեղեկացնելով, որ նիստը մեկնարկել է։

«Նեզավիսիմայա գազետա» ռուսաստանյան թերթը գրում է, որ Ռոգոզինի աշխատանքային այցի ծրագիրը հագեցած է։ Նիստից հետո նրան ընդունելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Թերթը նկատում է, որ այցը նախապես չէր հայտարարվել և Բաքվում շատերի համար անակնկալ էր։ Պատվիրակության կազմում ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխտնօրեն Անդրեյ Բոյցովի ներկայությունը վկայում է, որ գլխավոր հարցերից մեկը լինելու է Ադրբեջանին ռազմական տեխնիկայի վաճառքը։

«Նեզավիսիմայա գազետա»-ն նշում է, որ այցին հետևող ադրբեջանցի փորձագետները համաձայն չեն ավելի վաղ «Կոմերսանտ»-ում տեղ գտած այն պնդման հետ, թե Ռուսաստանի գործընկերները Բաքվում «բացասաբար են արձագանքել նրա կողմից Հայաստանին «Իսկանդեր» համալիրների մատակարարմանը»։

Թերթի հետ զրույցում ռազմական փորձագետ Նաբիր Սաքիթօղլուն ասել է, որ «Բաքուն հանգիստ է ընդունել այդ լուրը․ Ռուսաստանն իրավասու է ինքնուրույն որոշել՝ ում և ինչ վաճառել», բացի այդ, «Ադրբեջանը չի պատրաստվում պատերազմել Հայաստանի դեմ»։ Սակայն Բաքուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում «իրավասու է Մոսկվայից երաշխիք ստանալ առ այն, որ Երևանին փոխանցված տեխնիկան, ռեակտիվ համակարգերը և այլ սպառազինությունները չեն հայտնվի Ղարաբաղում»։

Կարդացեք նաև՝ Ռոգոզինը Ալիևին կբացատրի՝ ինչու է Մոսկվան Երևանին «Իսկանդեր» մատակարարել։

Մեկնաբանել