Զոհի կերպարի հմայքը․ սերիալներից մինչև ՄԵՆՔ

«Շանթի» ցուցադրած «Մերժվածը» հեռուստասերիալում զոհը նույնիսկ սերիալի համար չափն անցնում է. հոգեկան շեղման աստիճանի է հասցնում իրեն ապրումակցողին: Ինչո՞ւ են մեր երկրում ցուցադրում այս սարսափելի ձգձգված ու հոգեմաշ ողբերգականությունը:

Սերիալներում զոհը մարդ է, որ մինչև վերջ հավատարիմ է մնում իր ազնիվ մղումներին, անգամ եթե վնաս է կրում դրանց համար: Ահա զոհի կերպարի հավերժական բաղադրիչներից մեկը: Սա խնդրի, հանձնառության և դրա հետ կապված մտահոգության է վերաճում արվեստում՝ ասենք՝ որպես համլետյան հարցադրում: Կենցաղային հարթության մեջ լինել-չլինելու մտային երկընտրանք չի ծագում: Լինել-չլինելու ազնվական և ազնիվ երկընտրանքի կենցաղային տարբերակն իր ազնիվ սկզբունքների հետ մենակ մնացած մարդն է, որ տարուբերվում է արտաքին հանգամանքների՝ «ճակատագրի հեգնանքի» ճնշման տակ, և որի վիճակը չի լուծվում անձնական արարքով, այլ սցենարիստի «ծրագրային միջամտությամբ»՝ հագուրդ տալով երջանիկ ավարտի հուզական հարմարավետության պահանջին:

Հերոսների՝ նյարդայնացնելու աստիճան վհատեցնող անզորությունը, որ հեռուստադիտողը նաև անխելքությամբ է պատճառաբանում, ի՞նչ հմայք ունի ուրեմն: Հորինված չի՞ լինի այն վարկածը, որ այդուամենայնիվ հուզիչ են այդչափ հավատարմությունը սեփական արժեքներին և այդ անմիտ ու վհատեցնող մաքրությունը: Զոհի կերպարում դաշինքներ չկան: Նրանք ոչինչ չեն հեգնում: Սերիալների գլխավոր հերոսները ոչինչ չեն հեգնում հետարդիության`հեգնանքի դարաշրջանում, երբ ամեն ինչ հավասար հեշտությամբ և անփութությամբ կարող է հեգնվել: Սա հեքիաթի առավելությունն է, որ հնարավոր է հրաշապատումի հաշվին, հեքիաթի անհոգությունը և դյուրինությունը:

Հետաքրքիր է զանգվածային մշակույթի այս տեսակի այս տեսակ ազատվածությունը հեգնանքից: Սա ինձ համար մտածելու առիթ դարձավ հնդկական սերիալների ներմուծմամբ: Հնդկական ֆիլմերի ավանդույթով, որոնց հատուկ «կոլեկտիվ արցունքների» (կիտչի բնութագրումներից մեկն ըստ Մ. Կունդերայի) առատությունն արժեքային պարզեցումների ամենաընդգծված օրինակներից է: Զոհի կերպարի անհեգնականությունն ավելի հնարավոր է սոցիալական հստակ հակասության ֆոնին, օրինակ՝ սոցիալական խավերի անհավասարության արդյունքում ծագող սիրային ողբերգության, որ առկա է նաև այս սերիալում: Որքան խճճված ու անմիանշանակ է դառնում սոցիալական խնդիրը, այնքան պակասավոր է դառնում անհեգնականությունը:

Բայց «Շանթի» ցուցադրած «Մերժվածը» հեռուստասերիալում զոհը նույնիսկ սերիալի համար չափն անցնում է. հոգեկան շեղման աստիճանի է հասցնում իրեն ապրումակցողին: Եվ, ընդհանրապես, ֆիլմն ակնհայտ անառողջ լարվածություն ստեղծող կառուցվածք ունի: Ինչո՞ւ են մեր երկրում ցուցադրում այս սարսափելի ձգձգված ու հոգեմաշ ողբերգականությունը: Որովհետև ողբերգականության այլ տեսակներ այլևս չե՞ն մնացել: Հրապարակախոսական հարցադրում է, որին չէի ուզենա հասնել:

Բայց վերադառնանք այն կետին, որ ամենից ուշագրավն է. սերիալներում զոհ-գլխավոր հերոսները ոչինչ չեն հեգնում: Այլընտրանքայնությո՞ւն է սա արդյոք զանգվածային մշակույթի ներսում և նույնիսկ՝ ընդհանրապես հետարդի մշակույթի:Եվ այդուամենայնիվ, մի վարկած, որ չհիմնավորվածության պատճառով գոնե առայժմ միայն իբրև հրապարակախոսություն հրապարակ կհանեմ՝ առանց գիտական փաստարկումների ու հետևողականության: Մեր այսչափ հակվածությունը դեպի ողբերգականություն ինչ-որ մետաֆիզիկական շերտ չունի՞: Անհեգնականության հնարավորություններից այս մեկը մեզ շատ բնորոշ է, բայց առայժմ միայն էժան ձևերով է երևան գալիս: Անհեգնականության այս ապրումը կարո՞ղ է հետարդիությանը հակաճառելու, ընդ որում՝ լայնամասշտաբ (նկատի ունենալով աշխարհագրական սահմաններ և բովանդակային լիցք) հակաճառության ձև դառնալ՝ հղկվելուց և ազնվանալուց հետո (այդպիսի ազնիվ ողբերգականության հետ են կապվում մեր մշակույթի մեծագույն նվաճումներից շատերը, թեև Նարեկացին էլ բավական կլիներ): Մենք այստեղ անելիք ունե՞նք: Երկար ճանապարհ է, որ սկսվում է ողբերգականության սնապարծությունը հաղթահարելուց հետո: Սա մի հավակնոտ և անհիմնավոր հեռանկար է, բայց վստահ եմ՝ մտածելու հետաքրքիր ուղղություն…

Մարիամ Կարապետյան

մեդիա հետազոտող, բ․գ․թ․

Մեկնաբանել