Իրանի նախագահը դեկտեմբերի 21-ին կայցելի Հայաստան

Իրանի նախագահ Հասան Ռոհանին դեկտեմբերի 21-ին կայցելի Հայաստան, հաղորդում է Tasnim գործակալությունը։ Հայաստանյան այցին հետևելու են այցեր Ղազախստան և Ղրղզստան։

Իրանի նախագահի մամուլի խոսնակ Փարվիզ Էսմաեիլին հայտարարել է, որ Ռոհանին Հայաստան է այցելում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով։ Մեկօրյա այցի ընթացքում Իրանի և Հայաստանի նախագահները բանակցություններ են վարելու երկկողմ հարաբերությունների հետագա խորացման ուղիների շուրջ։

Խոսնակի տեղեկացմամբ՝ Հայաստանի և Իրանի միջև կնքվելու են մի շարք համագործակցության համաձայնագրեր։

Երևանից Ռոհանին մեկնելու Աստանա, ապա՝ Բիշքեկ։

Ռոհանիի առաջիկա այցի մասին հայտնի էր դարձել դեռ սեպտեմբերին։ Իրանագետ Վարդան Ոսկանյանի համոզմամբ՝ այցը կարող է փարատել մտավախությունները՝ կապված վերջերս Թեհրան-Մոսկվա-Բաքու եռակողմ ձևաչափով շփումների հետ: Օգոստոսի սկզբին Բաքու կատարած այցից հետո գալով Հայաստան՝ Իրանի առաջնորդը նաև ցանկանում է ընդգծել Հարավային Կովկասում իր երկրի վարած հավասարակշռված քաղաքականությունն ու կեցվածքը, համոզված է իրանագետը:

Հասան Ռոհանիի հայաստանյան այցի նախաշեմին Հայաստանի և Իրանի միջև կնքվել է համագործակցության համապարփակ համաձայնագիր, որով նախատեսվում է Հայաստանի տարածքում ազատ առևտրի գոտի ստեղծում։

Թեհրանը նաև հայտարարում է, որ պատրաստ է Եվրասիական տնտեսական միության հետ արտոնյալ սակագների վերաբերյալ համաձայնագիր կնքել և հաշվի առնելով այդ Միությանը Հայաստանի անդամակցության փաստը՝ ակնկալում է վերջինիս աջակցությունը։

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի առաջիկա այցի մասին ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է իրանագետ, պատմաբան Արա Պապյանի հետ: Վերջինս 1992-1993 թթ. եղել է Թեհրանում Հայաստանի դեսպանության աշխատակից, ապա ղեկավարել Հայաստանի արտգործնախարարության Իրանի բաժինը:

Իրանի առաջնորդի երևանյան այցին նախորդել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի այցը Բաքու, որը մեծ դժգոհություն է առաջացրել Իրանում։

Անցյալ շաբաթ TASS գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել էր, որ հունվարին Իրանի ղեկավարը կայցելի Մոսկվա։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել