Իսրայելցուն Բելառուսում ձերբակալել են Ադրբեջանին քննադատելու համար

Բելառուսում Իսրայելի քաղաքացի է ձերբակալվել՝ Ադրբեջանին քննադատելու համար, հաղորդում է իսրայելական Haaretz թերթը։

Իսրայելցի ճանապարհորդ, բլոգեր Ալեքսանդր Լապշինը անցած չորեքշաբթի ձերբակալվել է Բելառուսում՝ Ադրբեջանի նախագահին ու իշխանություններին քննադատելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։ Ըստ Haaretz-ի՝ Լապշինը ձերբակալվել է Ադրբեջանի կառավարության խնդրանքով։

Ներկայում Բաքուն ձգտում է նրա արտահանձնմանը, իսկ նրա ընտանիքը մտավախություն ունի, որ արտահանձնման դեպքում Լապշինի կյանքը կարող է հայտնվել վտանգի տակ։

Ըստ Լապշինի ընկերների՝ նրան կարող է մեղադրանք առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգքի երկու հոդվածների խախտման համար, որոնցից մեկն արգելում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը վնասող հանրային կոչը կամ աջակցությունը», իսկ մյուսն արգելում է Լեռնային Ղարաբաղ այցելել առանց Բաքվի համաձայնության։

Առաջին դրույթը խախտելու համար սպառնում է 5-8 տարի, իսկ երկրորդ դրույթի դեպքում՝ մինչև 5 տարի ազատազրկում։

Լապշինը քննադատել է Բաքվի որոշ թաղամասերում աղքատությունը, նախագահ Ալիևի բռնապետական ռեժիմը և Լեռնային Ղարաբաղի հարցը։

Նախորդ շաբաթվա վերջին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ բացի Լեռնային Ղարաբաղ այցելելուց՝ Լապշինը աջակցություն է հայտնել ԼՂՀ տեղական իշխանություններին։

Haaretz-ին Իսրայելի արտգործնախարարությունում տեղեացրել են, որ արդեն բանակցություններ են սկսել Ադրբեջանի կառավարության հետ։ «Մենք խնդրում ենք ադրբեջանցիներին մոռանալ դրա մասին, բայց դա հեշտ չէ»,- ասել է արտգործնախարարության պաշտոնյան:

Լապշինի ձերբակալությունը համընկել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ Բաքու կատարած այցի հետ։ Ադրբեջանը Իսրայելի հիմնական առևտրային գործընկերներից է, որից գնում է սպառազինություններ և մատակարարում նավթի առյուծի բաժինը։

Լուսանկարում՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ընդունելությանը։

Մեկնաբանել