Ադրբեջանը Իսրայելից կգնի «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգ․ նախարար

Ադրբեջանի և Իսրայելի պաշտպանության նախարարությունների միջև համաձայնություն է կայացվել Թել Ավիվի կոմից Բաքվին «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգի վաճառքի շուրջ։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովին։ Տեղեկությունը հաստատում է նաև իսրայելական Jerusalem Post-ը՝ շեշտելով, որ համակարգը գնելու Ադրբեջանի շահագրգռվածությունը «ծագում է վերջերս Հայաստանի կողմից «Իսկանդեր» հրթիռային համակարգի ձեռք բերումից»։

Ըստ APA-ի՝ Յավեր Ջամալովն ասել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը դրական պատասխան է տվել այդ համակարգի գնմանը։

Jerusalem Post-ը գրում է, որ Ադրբեջանը այս զինատեսակը Իսրայելից գնող առաջին երկիրն է։ Տարիների ընթացքում հետաքրքրություն են ցուցաբերել տարբեր երկրներ, այդ թվում՝ Հյուսիսային Կորեան, Սինգապուրն ու Հնդկաստանը, սակայն վաճառքի փաստը երբեք պաշտոնապես չի հաստատվել։ Այն, որ Իսրայելը մինչև այժմ որևէ կողմի «Երկաթե գմբեթ» չէր վաճառել, հաստատում է նաև Defense News պորտալի հունիսյան անդրադարձը, որը հիմնված էր Իսրայելի կառավարական և արդյունաբերական աղբյուրների վրա։

Սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված ռազմական շքերթի ժամանակ «Իսկանդեր» համալիրների ցուցադրությունից հետո որոշ ժամանակ անց ադրբեջանցի պատգամավոր Եվդու Աբրամովը հայտարարել էր , որ «Երկաթե գմբեթը» պատրաստ է մատակարարման։ Արձագանքելով այս տեղեկություններին՝ ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, որ «անհնար է՝ նման համակարգը հայտնվի Ադրբեջանում և անգամ հայտնվելու դեպքում ոչինչ անել չի կարող»։

«Երկաթե գմբեթը» հակահրթիռային պաշտպանության համակարգ է, որը մշակել է իսրայելական Rafael ընկերությունը։ Համակարգն օգտագործվում է 4-70 կմ հեռահարության ոչ կառավարվող մարտավարական հրթիռներից պաշտպանվելու համար, որոնցով Իսրայելը մշտապես հրթիռակոծվում է Գազայի հատվածից։

Անցյալ շաբաթ Իսրայելի վարչապետ Բենյամի Նեթանյահուի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Իսրայելն ու Ադրբեջանը ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության տարիներին կնքել են մոտ 5 մլրդ դոլարի գործարք։

Նեթանյահուի այցից առաջ Իսրայելի հետախուզության ծառայության ղեկավար Յոսի Քոենը իսրայելական breakingisraelnews.net-ի հետ զրույցում ասել էր, որ Իսրայելի վարչապետի այցի ընթացքում կնքվելու է համաձայնագիր անվտանգության ոլորտում համագործակցության խորացման վերաբերյալ։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել