Հայաստանը Վերին Լարսում կունենա մշտական ներկայացուցիչ

Վարչապետ Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարում, որ արտակարգ իրավիճակներում Վերին Լարսի անցակետում Հայաստանն ունենա մշտական ներկայացուցիչ:

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի» կառավարման խորհրդի հերթական նիստը, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Կառավարության ղեկավարը նախ հետաքրքրվել է Վերին Լարսում ստեղծված իրավիճակով: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը զեկուցել է, որ ներկայում մարդատար ավտոմեքենաների համար ճանապարհը բաց է, վրացական կողմն այսօր էլ շարունակելու է աշխատանքները, որոնց արդյունքում ակնկալվում է, որ ճանապարհը կբացվի նաև բեռնատարների համար: Վարչապետ Կարապետյանն անհրաժեշտ է համարել նման արտակարգ իրավիճակներում Վերին Լարսի անցակետում մշտական ներկայացուցչի առկայությունը և տվել համապատասխան հանձնարարական:

Վարչապետը կարևորել է Երևանում տրանսպորտային նոր ժամանակակից երթուղային ցանցի ներդրումը և նշել, որ անհրաժեշտ է հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ: «Մենք իրականում պետք է խելացի համակարգ ստեղծենք, մեր տրանսպորտի փրկությունը դա է, ուրիշ տարբերակ չունենք: Պետք է նորմալ խումբ հավաքենք՝ այդ ցանցը ստեղծելու համար, նորմալ ախտորոշենք մեր խնդիրները, ցանցը բնութագրենք, հոսքերը բնութագրենք: Պետք է շատ հետևողական աշխատենք մրցույթը հաղթող կազմակերպության հետ»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ կարևորելով նաև ուսանողների և առանձին այլ խմբերի համար տոմսային համակարգի ներդրումը:

Վարչապետի մոտ քննարկվել են նաև այլ հարցեր։

Մեկնաբանել