Ռոհանիի այցի ընթացքում կստորագրվեն երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 21-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Այցի շրջանակներում Հասան Ռոհանին հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին լրատվամիջոցների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարություններով:

Երևանում Հայաստանի և Իրանի նախագահները ներկա կգտնվեն նաև Հայաստան-Իրան գործարար համաժողովին:

Իրանի նախագահի՝ դեկտեմբերի 21-ին Հայաստան այցի մասին ավելի վաղ հաղորդել էին իրանական լրատվամիջոցները։

Մեկնաբանել