Էրդողանն ու Պուտինը համակարծիք են՝ դեսպանի սպանությունը «սադրանք» է

ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը որակել են սադրանք։ Էրդողանի խոսքով՝ այս հարցում «տարակարծություն չկա»։

Ինչպես հաղորդում է ռուսական «Ռիա նովոստի»-ն, Պուտինը տեղի ունեցածն անվանել է «ստոր սպանություն» և «սադրանք», որն ուղղված է երկու երկրների միջև «բարեկամական հարաբերությունների» և սիրիական կարգավորման խաթարմանը։

ՌԴ նախագահի համոզմամբ՝ դրան «կարող է լինել միայն մեկ արձագանք՝ ահաբեկչության դեմ պայքարին ուղղված ջանքեր»։ Պուտինը խոստացել է, որ «ավազակները դա կզգան իրենց վրա»։

Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեսպանի սպանությունը քննարկել են հեռախոսով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ռուսաստանը Թուրքիա կուղարկի քննչական խումբ։ Քննիչները Անկարա կմեկնեն այսօր։

Էրդողանն իր հերթին Կառլովի սպանությունը որակել է «հարձակում նաև թուրք ժողովրդի վրա» և «ակնհայտ սադրանք»։ Էրդողանը հայտարարել է, որ սպանության հետաքննության նպատակով երկկողմ հանձնաժողով կստեղծվի։

«Մենք Պուտինի հետ համաձայնեցինք, որ սա սադրանք է, այս հարցում տարակարծություն չկա»,- հեռուստաուղերձում ասել է Էրդողանը՝ մեկնաբանելով ռուսաստանցի իր պաշտոնակցի հետ հեռախոսազրույցը։

Երեկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ռուս դեսպանի սպանությունը որակել էր «ահաբեկչություն»։

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր հայտարարության մեջ նշել է, որ այսօր Մոսկվայում կայանալիք՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի ԱԳ նախարարների հանդիպմանը, որի ընթացքում քննարկվելու է սիրիական կարգավորումը, կձեռնարկվեն միջոցներ, որոնք «անիրագործելի կդարձնեն այն ծրագրերը, որոնք մշակել են սպանության պատվիրատուներն ու կազմակերպիչները»։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ «ողբերգության պատճառով երկու երկրների միջև հարաբերությունները չեն վատթարանա»։ Չավուշօղլուն նույնպես հաստատել է, որ Կառլովի սպանությունն ուղղված էր երկկողմ հարաբերությունների դեմ։

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը սպանվել է դեկտեմբերի 19-ի երեկոյան Անկարայում։ Դա տեղի է ունցել Ժամանակակից արվեստի պատկերասրահում ցուցահանդեսի բացման ժամանակ։ Ռուս դիվանագետը սպանվել է ելույթի ժամանակ՝ թիկունքից։ Կառլովին սպանելուց հետո մարդասպանը բացականչել է «Մի՛ մոռացեք Հալեպը, մի՛ մոռացեք Հալեպը», «Ալլահու Աքբար»։

Ինչպես նշում է BBC-ի ռուսական ծառայությունը, սպանության դրդապատճառները դեռ պարզ չեն, քանի որ հանցագործը չեզոքացվել է ոստիկանների կողմից։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն թուրքական Hurriyet Daily News-ին ասել է, որ Կառլովին սպանել է 22-ամյա թուրք ոստիկան Մևլութ Մերթ Ալթընթաշը։

Թուրքիայի NTV հեռուստաալիքի պնդմամբ՝ նա Ժամանակակից արվեստի պատկերասրահի անվտանգությունն ապահովող անձնակազմից էր։ Մյուս վարկածով, նա ձևացել է ցուցահանդեսի հյուր։ Թուրքիայի իրավապահ մարմինները բերման են ենթարկել ոճրագործի մորը, քրոջն ու հորը, խուզարկել նրա տունը։

Մեկնաբանել