«Եվրասիա» ավտոմոբիլային թունելը կմիացնի Ասիան Եվրոպայի հետ և կստեղծի նոր հնարավորություններ տրանսպորտի ոլորտում․ այսօր Ստամբուլում թուրք իր պաշտոնակից Բինալի Յըլդըրըմի հետ մամուլի ասուլիսին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին։
Նրա խոսքով՝ Վրաստանի և Թուրքիայի նպատակը գործընկերների հետ պատմական «Մետաքսե ճանապարհի» վերականգնումն է։ Կվիրիկաշվիլիի համոզմամբ՝ «Եվրասիա»-ն կարագացնի այդ գործընթացը։
Վրաստանի վարչապետը մեկօրյա այցով Թուրքիայում է, որտեղ հանդիպումներ է ունենում այդ երկրի նախագահի և վարչապետի հետ։
Այսօր Ստամբուլում բացվում է «Եվրասիա» թունելը, որը կապում է Ստամբուլի ասիական և եվրոպական հատվածները։ Թունելի շնորհիվ Ստամբուլի Քազլըչեշմե և Գյոզթեփե շրջանների միջև ճանապարհի ժամանակը կկրճատվի 90-ից 15 րոպեի։ Դա առաջին թունելն է, որը կառուցվել է այդքան մեծ խորության վրա ծովի հատակով։ Շինարարական աշխատանքները տարվել են Բոսֆորի տակ 106 մ խորության վրա։ Թունելի երկարությունը 14,6 կմ է, որից 3,4 կմ՝ ջրի հատակով։ Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 1,25 մլրդ դոլար։