Սիրիական ճգնաժամը չի կարող ունենալ ռազմական լուծում․ ՌԴ, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ

Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները համաձայնեցրել են Սիրիայում քաղաքական գործընթացի շուրջ հայտարարությունը․ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը իր պաշտոնակիցներ Մևլութ Չավուշօղլուի և Ջավադ Զարիֆի հետ մամուլի ասուլիսին։

Վերջինիս խոսքով՝ երեք երկրները միասնական են այն հարցում, որ «սիրիական ճգնաժամի ռազմական լուծում չի կարող լինել»։

Սերգեյ Լավրովն ասել է, որ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին և պաշտպանական գերատեսչությունները կոչ են անում հարգել Սիրիայի «ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու միասնականությունը»։

Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը պատրաստ են Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև համաձայնության շուրջ բանակցություններում ստանձնել երաշխավորի դեր։ Կողմերը նաև վճռական են համատեղ ուժերով «Իսլամական պետության», «Ջեբհաթ Ալ-Նուսրա»-ի դեմ պայքարելու և նրանց «զինված ընդդիմությունից առանձնացնելու հարցում»։

Այսօր՝ ավելի վաղ, սիրիական հարցը քննարկվել էր ՌԴ պաշտպանության նախարարի՝ Թուրքիայի և Իրանի պաշտոնակիցների հետ հանդիպումներում։

Մեկնաբանել