ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությունից պարզաբանում է պահանջել «Հաց բերողի» մասին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի կառավարությունից պարզաբանումներ է պահանջել Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» առողջական վիճակի վերաբերյալ, տեղեկացնում է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպությունը։

Արթուր Սարգսյանի ներկայացուցիչները օրերս դիմել էին ՄԻԵԴ՝ անհապաղ միջոցներ կիրառելու խնդրանքով, մասնավորապես՝ ՀՀ կառավարությունից պահանջելով ապահովել դիմողի բուժումը։ Արթուր Սարգսյանը 2016թ․ հուլիսին իր ավտոմեքենայով հաց էր հասցրել Էրեբունու ՊՊԾ գունդը պաշարած «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին։ Նա հինգ ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, և մեղադրվում է պատանդներ պահելուն և զենք-զինամթերք տեղափոխելուն ու պահելուն օժանդակելու մեջ: Սարգսյանի առողջական վիճակը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում վատացել էր, նա տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն և նույն օրը նորից տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ:

«Սասնա ծռեր» խմբին սննդամթերք հասցրած Արթուր Սարգսյանի ներկայացուցիչները սույն թվականի դեկտեմբերի 17-ին դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն անհապաղ միջոցներ կիրառելու խնդրանքով, մասնավորապես՝ խնդրելով ՄԻԵԴ-ին՝ ՀՀ կառավարությունից պահանջել ապահովել դիմողի բուժումը, անհրաժեշտության դեպքում՝ քաղաքացիական հիվանդանոցում, և գործուն միջոցներ ձեռնարկել Արթուր Սարգսյանի նկատմամբ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված անմարդկային վերաբերմունքից նրան զերծ պահելու համար»։

«Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպության հաղորդագրությունում ասվում է․

«Համապատասխան միջնորդությունը ներկայացնելու պահից 2 օրվա ընթացքում ՄԻԵԴ-ը Դատարանի կանոնագրքի 54 § 2 (a) համաձայն անհապաղ հարցեր է առաջադրել կառավարությանը և առաջարկել ՄԻԵԴ-ին հայտնել, թե․

1. ինչ առողջական վիճակում է գտնվում Արթուր Սարգսյանը և պահանջել ՄԻԵԴ տրամադրել նրա առողջության վերաբերյալ բժշկական բոլոր եւ այլ փաստաթղթեր, ներառյալ նրան ցուցաբերված բուժօգնության ողջ նկարագրությունը, տրամադրված դեղորայքի ցանկը, հիվանդության պատմությունը, և

2. արդյոք Արթուր Սարգսյանին նշանակված է եղել դեղորայք եւ հատուկ սնունդ, եւ, եթե այո, ապա արդյոք այն ապահովվել է նրան կալանավայրի վարչակազմի կողմից»:

Մեկնաբանել