Տնտեսական զարգացման նախարարը կարծում է՝ 2016-ը կփակվի «դրական ցուցանիշներով»

Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը կարծում է, որ Հայաստանի տնտեսությունը 2016-ը կփակի դրական ցուցանիշներով։

Դեկտեմբերի 22-ի կառավարության նիստից հետո Սուրեն Կարայանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ աճ է ակնկալվում արդյունաբերության, ծառայությունների ոլորտում, արտահանման ոլորտում։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է ընդամենը 0.6 տոկոսով, մինչդեռ 2016-ի բյուջեի հիմքում դրված է 2,2 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը։

Նախարարը հայտարարեց, թե արդյունքները կլինեն դրական։ «Աճ կարձանագրենք արդյունաբերության, ծառայությունների ոլորտում, աճ ունենք արտահանման ոլորտում»,- ասաց նա՝ հավելելով, որ անկում եղել է գյուղարտադրանքի ծավալների ոլորտում։

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը նա համարում է դրական՝ վկայակոչելով, որ դեպի ԵՏՄ շուկա Հայաստանից արտահանումներն աճել են։ Հավասար մրցակցության մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունները, ըստ Կարայանի, դրական ազդեցություն են ունեցել.

«Նոր ներկրողներ կան, նոր բանակցություններ կան, բայց մինչև ներկրումներ չանեն, անուններն ասելը ճիշտ չեմ համարում»,- ասաց հայտարարեց Սուրեն Կարայանը։

Լուսանկարը՝ Քնար Բաբայանի

Մեկնաբանել