Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն ստեղծելու որոշումն ընդունվեց, տնօրենը նշանակվեց

Դեկտեմբերի 22-ի նիստին կառավարությունը որոշում ընդունեց «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ հիմնադրելու և գործադիր տնօրեն նշանակելու մասին»: Որոշմամբ հաստատվել է հիմնադրամի կանոնադրությունը:

Հիմնադրամի տնօրեն է նշանակվել վարչապետի օգնական Ալեքսանդր Խաչատուրյանը։

Հիմնադրամը հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված, անդամություն չունեցող և շահույթ չհետապնդող ոչ առևտրային կազմակերպություն է: Հիմնադրամի նպատակն է ՀՀ տնտեսական զարգացման երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի, բարեփոխումների փաթեթների և ներդրումային ծրագրերի հավաքագրումը, մշակումը, վերլուծությունը, վերանայումը, սպասարկումը և վերահսկողությունը:

Կարեն Կարապետյանը կարևորել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծումը և նշել. «Դա այն հարթակն է, որտեղ ձևավորվելու է մեր տեսլականը, մեր հորիզոնները, թե ոնց ենք պատկերացնում մեր երկրի տնտեսության զարգացումն ըստ ոլորտների, մակրոցուցանիշների, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավման, ներդրումների և այլն»:

Լուսանկարում՝ վաչապետ Կարեն Կարապետյանը ՀԲԸՄ երևանյան գրասենյակում։

Մեկնաբանել